10:26 | 27.08.18 | Հոդվածներ | exclusive 87785
Հայաստանում մշակվել է երեխային գրկող սմարթ սարք (seat), որը հնարավոր է կառավարել մոբայլ հավելվածի միջոցով:
BabyBoo ստարտափի հիմնադիր Լիանա Մանուսաջյանը Itel.am-ին պատմել է, որ սարքը կունենա մի քանի ռեժիմ՝ վերեւ-ներքեւ, դեպի կողք, թափահարում (shaking), վիբրացիա:
«Սարքը թեթեւ է եւ մոր գրկի պատրանք է ստեղծում: Հետագայում կավելանա նաեւ սրտի աշխատանքի գործառույթը, որպեսզի սարքի աշխատանքն ավելի բնական լինի երեխայի համար: Նաեւ հնարավոր կլինի ձայնագրել եւ միացնել մոր ձայնը կամ, օրինակ, երաժշտություն, եւ եթե երեխան սկսի լաց լինել, երաժշտությունը կամ մոր ձայնը նրան կհանգստացնի։ Ողջ գործընթացը կկառավարվի մոբայլ հավելվածի միջոցով»,- նշել է նա:
«10 րոպե հետո արդեն հոգնել էի երեխային գրկելուց եւ մտածում էի, որ երանի լինի մի բան, որ ժամանակավորապես իմ փոխարեն կպահի երեխային, մինչ ես կհանգստանամ ու կրկին կգրկեմ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները ունեն բնավորություն՝ եթե իրենց ինչ-որ տեղ ես դնում՝ սկսում են լաց լինել: Ստացվում է, որ կամ պետք է նրան գրկած պահես, կամ պետք է քնի: Այս խնդիրը լուծելու նպատակով էլ ստեղծեցինք BabyBoo-ն»,- պատմել է Լիանա Մանուսաջյանը:
Սարքի վրա աշխատել են ծրագրավորողներ, ֆիզիկոսներ, խորհրդատվություն են տրամադրել մանկաբույժներ եւ մանկական հոգեբաններ: Ստարտափի հիմնադրի խոսքով, սարքը բացարձակ անվտանգ է եւ ամուր: Բացառված է նաեւ սարքից՝ երեխայի ընկնելու հավանականությունը, քանի որ այն նախագծված է եռոտանի շտատիվի օրինակով:
Ներկայում պատրաստ է BabyBoo-ի մոդելը, եւ թիմը ներդրող է փնտրում նախատիպը ստեղծելու եւ թեստավորում անելու համար:
«Մեզ հարկավոր է ընդամենը $6500-7500՝ նախատիպի մշակումը եւ թեստավորումը ավարտին հասցնելու համար: Արդեն գտել ենք մասնագետ Չինաստանի շուկայում, որտեղ էլ որոշել ենք հետագայում մեծածավալ արտադրություն սկսել: Ներկայում նաեւ փորձում ենք գտնել մասնագետներ, որոնք կհամագործակցեն երեխաների համար պարագաներ ստեղծող տարբեր ընկերությունների հետ։ Թեստավորումը լինելու է փուլային։ Մինչ վերջնական պրոդուկտի ստեղծումը նախատեսված է այն անվճար փորձարկել 5-6 տարբեր տարիքի երեխաների հետ, որոնցից առնվազն մեկը ընդունակ կլինի միմիկայով, ձեռքերով կամ խոսքով արտահայտելու, թե արդյոք իրեն հարմար է զգում, թե ոչ։ Նախատեսում ենք ստեղծել պրոդուկտի մի քանի մոդելներ՝ ըստ համապատասխան տարբեր գործառույթների»,- եզրափակել է նա:
Նարինե Դանեղյան