19:32 | 24.08.18 | Նորություններ | 26754

Անգելա Մերկել. Թումոն միայն Հայաստանի համար չէ, այն միջազգային է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր այցելել է Թումո Երեւան:

«Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է»,- ասել է Անգելա Մերկելը:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը կանցլերին ներկայացրել է արտադպրոցական կրթության Թումոյի նորարարական ծրագիրը:

Կանցլերը հանդիպել է ուսանողների, ովքեր մասնակցել են զանազան դասընթացների Թումոյի կրթական ոլորտներում (խաղերի ստեղծում, անիմացիա), որից հետո ծանոթացել է ուսանողների նախագծերին ռոբոտաշինության, ծրագրավորման, դիզայնի եւ այլ ոլորտներում։

Պատվիրակությունը նաեւ այցելել է Թումոյի անիմացիոն ստարտափ Yelling Animation Studio:  

Անգելա Մերկելն ու Մարի Լու Փափազյանը քննարկել են իրենց տեսլականները կրթության վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել Թումոյի բացառիկ կրթական մոդելին ու Փարիզի, Բեյրութի եւ Տիրանայի գալիք կենտրոններին: