16:04 | 20.03.15 | Հարցազրույցներ | exclusive 5549

Սամեր Ազար. Լիբանանյան հաքաթոնը կբացահայտի հայկական ներուժը

Մարտի 27-ից 29-ը Երեւանում կանցկացվի The AltCity UltraLight Startup հաքաթոնը (խաղերի եւ մոբայլ հավելվածների ստեղծման մրցույթ):

Այն նախատեսված է նրանց համար, ովքեր նպատակ ունեն սեփական բիզնես հիմնել, հավելված կամ խաղ մշակել, ինչպես նաեւ լսել ոգեւորիչ ելույթներ հայ եւ լիբանանցի բանախոսների եւ հաջողակ ձեռներեցների կողմից: 

Հաքաթոնի կազմակերպիչը լիբանանյան AltCity-ն է, որը Բեյրութի գլխավոր ստարտափ կենտրոններից է: Այն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը նաեւ Հայաստանում:

Սպասվող միջոցառման վերաբերյալ Itel.am-ը զրուցել է AltCity-ի համահիմնադիր եւ ֆինանսական տնօրեն Սամեր Ազարի հետ:

-Ինչո՞ւ որոշեցիք հաքաթոնը կազմակերպել հենց Երեւանում: Ի՞նչն է առավել տպավորիչ Հայաստանի ՏՏ/բիզնես միջավայրի հարցում: 

-Մենք կարծում եք, որ հայ երիտասարդությունն ունի չիրագործված ներուժ: Այդ ներուժը նոր պետք է բացահայտվի, ինչը, իր հերթին, կնպաստի Հայաստանի տնտեսական իրավիճակի փոփոխությանը:

Հայաստանի ՏՏ ոլորտը մոտ է ստարտափների բումին, որը կանխորոշելու է ներկայիս միջավայրը եւ Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային կենտրոն: Լիբանանը եւ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ են ունեցել՝ պայմանավորված Լիբանանի Սփյուռքով:

Այնպես որ որոշեցինք, որ միջոցառումը պետք է անցկացվի հենց Երեւանում, եւ նպաստի առկա կապերի ամրապնդմանը եւ նոր կապերի ստեղծմանը:

-Ի՞նչ ակնկալել երեւանյան հաքաթոնից:

-Բուն հաքաթոնը տեղի կունենա «Թումո» ստեղծարար կենտրոնում մարտի 29-ին: Մինչ այդ՝ մարտի 27-ին եւ 28-ին, AltCity-ի թիմը հաքաթոնով հետաքրքրված մասնակիցների հետ կանցկացնի հանդիպումներ՝ նպաստելով նոր ստեղծարար գաղափարների առաջացմանը:

8-ժամանոց ինտենսիվ հաքաթոնի ընթացքում տեղական ստարտափները հանդես կգան ներկայացումներով՝ իրենց ստեղծած հավելվածների եւ խաղերի վերաբերյալ, ստարտափների միջեւ կապեր կհաստատվեն, ինչպես նաեւ առանձին հատվածով ժյուրին օգտակար խորհուրդներ կտա, թե ինչպես հաջողության հասնել հավելվածներ եւ խաղեր պատրաստելիս: Հաղթողների համար հիանալի մրցանակներ ենք պատրաստել, այդ թվում` դրամական:

Ինչ վերաբերում է միջոցառման խոսնակներին, Լիբանանից եւ Հայաստանից ընտրել ենք փորձագետների եւ հաջողակ ձեռնարկատերերի, ովքեր հավելվածներ եւ խաղեր պատրաստելու մեծ փորձ ունեն:

-Լիբանանը եւ Հայաստանը ընդհանրություններ ունեն՝ մասնավորապես բնակչության թվաքանակի առումով: Իսկ որքանո՞վ են երկու երկրները նման ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից:

-Այո, Լիբանանը եւ Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, ինչպես նաեւ լրացուցիչ ուժ: Երկուսն էլ փոքր երկրներ են՝ համեմատաբար փոքր եւ երիտասարդ բնակչությամբ: Հայաստան կատարած մեր այցը եւ արված հետազոտությունները ցույց տվեցին, որ հայ երիտասարդներն ունեն հզոր տեխնիկական ունակություններ՝ կապված «կոդ գրելու» հետ, եւ միաժամանակ՝ ավելի քիչ հնարամիտ են, երբ խոսքը վերաբերում է բրենդինգին, մարքեթինգին եւ բիզնես մոդելավորմանը:

Լիբանանում, ընդհակառակը, կապիտալի ավելցուկը ներդրվում է գիտելիքահեն ստարտափներում: Մենք տեսնում ենք հնարավորություններ՝ երկու երկրներում կապերի ամրապնդման, գիտելիքի փոխանակման, համատեղ վենչուրների եւ կապիտալի հասանելիության հարցում: 
   
- Որո՞նք են հաքաթոնի առավելությունները:

-Հաքաթոններ տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Դրանք հիանալի հնարավորություն են, որ ստարտափներով հետաքրքրված մարդիկ հաղորդակցվեն միմյանց հետ: Համանման միջոցառումները նպաստում են, որ սահմանափակ ժամանակում նորարար գաղափարներ ծնվեն: Վերջին տարիներին AltCity-ն բազմաթիվ ստարտափ միջոցառումներ է կազմակերպել Լիբանանում, Եգիպտոսում, Իտալիայում եւ այլ երկրներում:

Ամեն անգամ, երբ նոր հաքաթոն ենք կազմակեպում, անկեղծ ապշում ենք, թե մի խումբ ոգեւորված երիտասարդներ կարճ ժամանակում ինչ արդյունքների են հասնում: Ահա թե ինչու ենք մենք սիրում հաքաթոնները: Նրանք հնարավորություն են տալիս տեսնելու այն տաղանդը եւ ստեղծարարությունը, որը թաքնված է մեզանից յուրաքանչյուրի մեջ: AltCity-ն փորձում է գաղտնազերծել այդ թաքնված տաղանդը՝ օգտագործելով առկա ներուժը եւ ստեղծելով աշխատատեղեր ու հնարավորություններ:

Սամեր Ազարի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը