11:35 | 11.12.17 | Հոդվածներ | exclusive 84406

Քրիստոբալ Ալոնսո. Հայկական ստարտափները պետք է դեպի ԵՄ նայեն

Startup Wise Guys էստոնական աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն անցած շաբաթ ժամանել էր Երեւան՝ հայաստանյան ստարտափների հետ հանդիպելու եւ տեղի ՏՏ էկոհամակարգին ծանոթանալու նպատակով:

Այցի մանրամասները Քրիստոբալ Ալոնսոն ամփոփել է Itel.am-ի հետ զրույցում:

ՀՀ-ում զարգացած են հատկապես խոր տեխնոլոգիական ուղղությունները

Հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացումների մասին որոշակիորեն տեղեկացված էինք, քանի որ մեր պորտֆոլիոյում ունենք Inapptics-ին: Ցանկանում էինք ավելի խորը պատկերացում ստանալ շուկայի մասին, ահա թե ինչու իմ կոլեգաներ Ուոլեսն ու Էգիտան ամռանն այցելեցին Հայաստան:

Ես որոշ խաղացողների հետ մշտական կապի մեջ եմ, ինքս էլ ուսումնասիրում եմ ոլորտը:

Հայաստանում առկա է շատ ակտիվ տեխնոլոգիական էկոհամակարգ, զարգացած են հատկապես խոր տեխնոլոգիական ուղղությունները, ինչպիսիք են արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ եւ լրացված իրականությունը:

Միաժամանակ՝ Հայաստանը, իհարկե, ունի ԱՊՀ փոքր երկրին բնորոշ տիպիկ խնդիրներ՝ ոչ լավ զարգացած ներդրումային համայնք, դժվարություններ միջազգային ասպարեզ դուրս գալու հարցում, ներդրումների եւ վաճառքների մասով գիտելիքի պակաս: Սա մի էկոհամակարգ է, որտեղ Startup Wise Guys-ը գիտի՝ ինչպես արժեք ստեղծել:

ԵՄ-ն՝ ուղղություն հայաստանյան ստարտափների համար

Հայկական ստարտափների համար հաջորդ քայլը դեպի Եվրամիության շուկա նայելն է: Ինչո՞վ է այն հարմար՝ մոտ է աշխարհագրորեն, ավելի հեշտ է ֆինանսական միջոցներ ներգրավել: Եվ միայն դրանից հետո որոշել՝ ամերիկյան շուկան իրենց հաջո՞րդ քայլն է, թե՞ ոչ:

Հայկական ստարտափները չափից շատ են «սիրահարված սեփական պրոդուկտին»

Երեւանում մեկ օրվա ընթացքում 20-ից ավելի փիչ լսեցի: Կարծում եմ՝ այստեղ ամենակարեւորը շուկայի արժեքը հասկանալն է: Շատ ստարտափների մոտ հաճախ հանդիպող երեւույթ է այն, որ նրանք չափազանց շատ են կենտրոնացած պրոդուկտի վրա, չափից շատ են սիրահարված այդ պրոդուկտին նախքան հասկանալը՝ այդ պրոդուկտն արդյոք տվյալ շուկայում սիրելի է, թե ոչ, կամ թե ինչպես են պատրաստվում վաճառել այդ պրոդուկտը:

Կցանկանայի ավելի շատ B2C ուղղվածության պրոդուկտներ տեսնել

Զարմացած եմ, որ հայաստանյան ստարտափներն այդքան էլ կենտրոնացած չեն փողի վրա, այլ փորձում են ուղիներ գտնել իրենց բիզնեսը զարգացնելու ուղղությամբ: Ինձ նաեւ զարմացրեց այն, որ գրեթե բոլոր պրոդուկտները B2B (business-to-business) ուղղվածության էին: Ես կցանկանայի ավելի շատ B2C (business-to-consumer) ուղղվածության պրոդուկտներ տեսնել:

Տեսածս 20 թիմերից 2-3-ը իսկապես զարմացրին ինձ: Նրանք ունեին ռեալ պրոդուկտ եւ որոշակի վաճառք: Մի քանի ընկերություններ արդեն ունեին վաճառքներ նախնական փուլում, ինչը լավ է: Տեսածս թիմերի մեջ շուրջ 4 թեկնածու կար, որը կարող էր հայտնվել մեր ծրագրի թոփ 25-ում: Կարծում եմ՝ ունենալով Inapppitcs-ի պես հաջողության պատմություններ, այդ թիվը շատ արագ կմեծանա:

Քրիստոբալ Ալոնսոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Startup Wise Guys-ի աքսելերացիոն ծրագրի հաջորդ ռաունդի հայտերի ընդունման գործընթացն արդեն բաց է: Հարկավոր է դիմել այստեղ մինչեւ փետրվարի 26-ը: