10:34 | 13.10.17 | Նորություններ | 6858

Ներկայացվել է ՀՀ տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին նախօրեին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին:

Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի եւ նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձեւավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի եւ արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի եւ գործընկեր բուհի կողմից:

Հայեցակարգը մշակելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաեւ Սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը եւ փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն: