12:56 | 03.04.17 | Նորություններ | 12884
Հայաստանյան եւ օտարերկրյա ստարտափները կարող են դիմել հուլիսի 24-31-ը Սեւանա լճի ափին կայանալիք Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումին մասնակցելու համար:
Մասնակցությունն անվճար է, հայտերը հասանելի են այստեղ:
Sevan Startup Summit-ի կազմակերպիչները Itel.am-ին տեղեկացրել են, որ դիմած ստարտափներից մասնակցության համար ընտրվելու են լավագույն 70-ը, որոնք էլ միմյանցից կտարբերակվեն ըստ 3 մակարդակների (Seed stage, Early stage, Business stage):
Կազմակերպիչների խոսքով՝ ֆորումին մասնակցելու են նաեւ ծրագրավորողների 30 թիմեր: Միջոցառման մասնակիցների թվում կլինեն ներդրողներ, մենթորներ, բիզնես թրեյներներ, միջազգային հյուրեր եւ լրագրողներ:
«Հաշվի առնելով նախորդ տարվա մասնակիցների ակտիվությունը, արդյունքներն ու արձագանքը՝ այս տարի ակնկալում ենք մեծ քանակությամբ դիմումներ: Մենք ներգրավել ենք մասնագետների լուրջ թիմ, որոնք աշխատելու են հայտագրված ստարտափ թիմերի հետ, գնահատելու են նրանց կենսունակությունը եւ ուղղորդելու են նրանց»,- նշել է միջոցառման կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը:
Sevan Startup Summit-ը նոր ձեւաչափի ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակ է, որը նպատակ ունի աջակցել ստարտափ թիմերին՝ ներկայացնելու իրենց գաղափարները, ընդլայնելու կապերի շրջանակը, ձեռք բերելու նոր գիտելիքներ եւ գտնելու ներդրողներ:
Առաջին Sevan Startup Summit-ն անցկացվել է 2016թ.:
Կազմակերպիչներն են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը եւ «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ն: