10:36 | 15.03.17 | Հարցազրույցներ | exclusive 42555
Ամիսներ առաջ Սան Ֆրանցիսկոյում բացվել է 3D տպագրության ընկերություն, որի հիմնադիրները Անի Աբգարյանն ու Աշխեն Հովսեփյանն են։ Աղջիկները ծնվել են Հայաստանում, սակայն փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել են Մոսկվա, որտեղ էլ մասնագիտացել են ճարտարապետության եւ ֆիզիկայի ոլորտում։
Անին ու Աշխենը հավատում են, որ տեխնոլոգիաների միջոցով մարդիկ կարող են բարելավել իրենց կյանքը։ Նրանք վստահ են, որ 3D տպագրության տեխնոլոգիաներն ունեն մեծ հնարավորություններ, եւ իրենց հիմնած ընկերության նպատակն այդ ամենի մասին մարդկանց գիտելիքներ փոխանցելն է։
Itel.am-ը զրուցել է աղջիկների հետ իրենց ընկերության ստեղծման, նաեւ 3D տպագրության ընձեռած հնարավորությունների ու հեռանկարների մասին։
- Մի քանի ամիս առաջ Սան Ֆրանցիսկոյում բացվել է Ձեր 3D տպագրական ընկերությունը։ Կպատմե՞ք մի փոքր՝ ինչո՞վ է այն զբաղվում։
Աշխեն - Ներկայում մեր ընկերությունն առաջարկում է սարքավորումների եւ ծառայությունների լայն տեսականի բոլոր նրանց համար, ովքեր արդեն տարվել են 3D տեխնոլոգիաների աշխարհով։ Մեր նպատակն է տպագրական գործընթացը դարձնել մատչելի եւ հասանելի բոլորի համար։
Անի - Մենք պարբերաբար հանրային վայրերում բաց միջոցառումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ տեսնեն եւ հասկանան, որ տեխնոլոգիաներն աշխատում են շատ հեշտ ու հրաշալի եղանակով։ Ապագայում էլ 3D տպագրության մասին ուսումնական ծրագրեր կսկսենք սկսնակ եւ արդեն փորձ ունեցող օգտագործողների համար։
-Ի՞նչը ոգեշնչեց Ձեզ այս ճանապարհորդությունը սկսելու համար։
Աշխեն - Ես միշտ հիացել եմ բարձր տեխնոլոգիաներով, որոնք կարող են փոխել մեր կյանքի ստանդարտ ընկալումը։ 3D տպագրության մասին իմացել եմ իմ հայրիկից, որը տեսել է 3D տպիչի միջոցով ստեղծված մեքենայի շարժիչի նմուշը։
Դրանից հետո սկսեցի հետեւել միտումներին, եւ երբ հայտնվեցին առաջին սեղանադիր 3D տպիչները, տարվեցի դրանցով։ Այսօր մենք որոշ բաներ համարում ենք նորմալ, սակայն տարիներ առաջ դրանք անհնարին էին թվում։
Կարծում եմ՝ իմ հիմնական ոգեշնչումը եկել է նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու ցանկությունից, որի շնորհիվ մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ դրանց զարգացման գործում։ Ես միշտ ինձ հետ կրում եմ մեր առաջին տպիչի ստեղծած կախազարդը։
Անի - Ինձ համար 3D տպագրությունը թվային եւ ֆիզիկական բաղադրիչների հավասարակշռությունն է։ Ես սկսեցի 3D տպագրությամբ տարվել դիզայնի դպրոցում, որտեղ մենք կարողանում էինք ստեղծել նմուշներ՝ օգտագործելով 3D տպիչ, լազերային դանակ եւ CNC մեքենա։ Դրանից հետո ես չեմ կարողանում պատկերացնել տպագրությունն առանց այդ գործիքների։
- Դժվա՞ր է աշխատել Սան Ֆրանցիսկոյում։ Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում։
Աշխեն - Ես հաճույք եմ ստանում այստեղ աշխատելուց, որովհետեւ Սան Ֆրանցիսկոյում այդ գործընթացն օրգանական է, բնական ու հաճելի։ Շատ կարեւոր է կայանալ այնպիսի միջավայրում, որտեղ կա ուժեղ մրցակցություն եւ երեւակայություն։
Անի - Սան Ֆրանցիսկոյում աշխատելը պարգեւատրող է։ Մարդիկ այստեղ բաց են, նախաձեռնող ու հավակնոտ։ Մոտ 5 տարի առաջ տեղափոխվեցի այստեղ, եւ կյանքս ամբողջովին փոխվեց, իսկ մասնագիտության հարցում առավել արդյունավետ շրջան սկսվեց։ Այստեղ ստարտափերի համար ծաղկուն միջավայր է, հետեւաբար մենք 3D տպագրության ոլորտում զարգանալու մեծ հնարավորություններ ունենք։ Բայց կան նաեւ շատ մարտահրավերներ, ուստի պետք է ուղիներ գտնել շուկայում առկա ընկերությունների կողքին կայանալու համար։
-Ի՞նչ եք կարծում՝ այսօր շուկան ինչպիսի՞ 3D առարկաների կարիք ունի։
Աշխեն - 3D տեխնոլոգիաների հմայքն այն է, որ դրանք ժամանակի ընթացքում սկսում են փոխարինել ավանդական արտադրության տեսակներին։ Յուրաքանչյուր արդյունաբերություն ունի իր սեփական պահանջները՝ սկսած պրոտեզա-օրթոպեդիկ իրերից, վերջացրած թռչող մեքենաների տարրերից։ Հետևաբար` դժվար է ասել, թե շուկայում որ առարկաներն են ավելի պահանջված։
Անի - Կարծում եմ՝ աշխարհը մեծապես կշահի կենդանի հյուսվածքների 3D բիոտպագրությունից։
- Իսկ Դուք ապագայում ի՞նչ առարկաներ կտպագրեք։
Աշխեն - Ես հիմնականում ոգեշնչված եմ տիեզերական տեխնոլոգիաների 3D տպագրությամբ, որը Ռուսաստանում արդեն իրականացնում ենք։
Անի - Իսկ ինձ հետաքրքրում է սննդի եւ նորաձեւության 3D մոդելավորումը։ Սնունդ տպագրելն այնքան տպավորիչ է թվում եւ շատ հեռու ավանդական մոտեցումից։ Ներկայում 3D տպագրության տեխնոլոգիաների շնորհիվ նորաձեւության դիզայներներն ունեն շատ հնարավորություններ իրենց ստեղծած հագուստը, կոշիկները, գլխարկները, զարդերն ու այլ աքսեսուարները փորձարկելու համար։
- Ինչպիսի՞ հնարավորություններ է ստեղծում 3D տպագրությունը։
Աշխեն - Մինչեւ վերջերս մարդիկ սահմանափակված էին որեւէ արտադրանք ստեղծելու համար անհրաժեշտ գործիքների հնարավորություններով։ Մենք ստիպված էինք հարմարվել առկա գործիքների երեւակայությանը։ Այսօր մենք սահմանափակված ենք միայն մեր երեւակայությամբ, քանի որ 3D տեխնոլոգիաների շնորհիվ մենք գրեթե ազատ ենք եւ կարող ենք ստեղծել տարբեր օբյեկտներ։ Կարծում եմ՝ շատ կարեւոր եւ արժեքավոր է, երբ մենք միեւնույն բանին նայում ենք տարբեր կերպ։ Երբ սկսենք դա անել, մեզ շրջապատող աշխարհը կփոխվի։
Անի - 3D տեխնոլոգիաների ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարող է դռներ բացել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ներկայում նրանց համար ստեղծված սարքերը տեսողական առումով գրավիչ չեն, էրգոնոմիկ չեն եւ թանկ են։ Կարծում եմ՝ այս հարցը կարող է լուծվել 3D տպագրության շնորհիվ, քանի որ կստեղծվեն ճիշտ սարքավորումներ, որոնք կհամապատասխանեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին։
- Իսկ 3D մոդելավորումն ունի՞ որոշակի սահմանափակումներ։
Աշխեն - Այո, իհարկե, ինչպես բոլոր տեխնոլոգիաների դեպքում, այստեղ նույնպես կան որոշակի սահմանափակումներ։ Առաջին հերթին մենք գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որոնք դեռեւս մեզ թույլ չեն տալիս ամբողջովին հրաժարվել օբյեկտների ստեղծման ավանդական եղանակներից։ Երկրորդ սահմանափակումը վերաբերում է տպագրության արագությանը։ Պետք է համբերություն ունենալ որոշ բարդ եւ խոշոր առարկաների տպագրության համար։ Մյուս խնդիրը կապված է սպառողական լուծումների հետ, քանի որ այսօր շուկայում մենք չենք տեսնում սննդի բազմաֆունկցիոնալ 3D տպիչներ։ Սակայն արդյունաբերությունը շատ արագ զարգանում է, եւ մենք արդեն վայելում ենք 3D տպիչներով ստեղծված հիանալի շոկոլադներ, բլիթներ եւ համեղ ուտեստներ։
Անի - Խնդիր է նաեւ առաջադեմ 3D տպիչների եւ նյութերի մատչելիությունը, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել յուրահատուկ նմուշներ եւ իրականացնել փորձարարական նախագծեր։
- Ինչպե՞ս եք տեսնում 3D տպագրության ապագան։ Ի՞նչ է մեզ սպասվում։
Աշխեն - Կարծում եմ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում 3D տեխնոլոգիաները կզարգանան առանձին ոլորտներում։ Կամաց-կամաց 3D տպիչներն անհասկանալի ռոբոտներին փոխարինում են հուսալի գործիքներով, որոնք կարող են որոշակի առաջադրանքներ լուծել։ Այսօր 3D տպագրությունն ամրապնդում է իր դիրքերը դպրոցական ուսումնական ծրագրերում, ինչը նշանակում է, որ դիզայներների հաջորդ սերունդն ավելի շատ տեղյակ կլինի տեխնոլոգիաներից, քան նախորդը՝ ստեղծելով նոր բացահայտումներ մեզ համար։ Մեզ սպասվում են նաեւ մեծ փոփոխություններ բիոտպագրության ոլորտում։
Անի - Առաջիկա տարիներին տպագրության արագությունը զգալիորեն կարագանա, իսկ արժեքը՝ կիջնի, ինչն անպայման դրականորեն կազդի տեխնոլոգիական առաջընթացի վրա։ Այնպես որ՝ հեռանկարում մենք կտեսնենք, թե ինչպես են տպիչները ստեղծում հագուստ, ուտելիք եւ մեքենայի սկավառակներ։ Տպիչներն առանց հանգստի կարող են արտադրել բոլորովին տարբեր առարկաներ, ուստի ապագայում մեզ շրջապատող աշխարհը կդառնա ավելի բազմազան ու կենսունակ։
Անի Աբգարյանի եւ Աշխեն Հովսեփյանի հետ զրուցել է Գոհարիկ Արամյանը