Երեւանում նախօրեին ներկայացվել է զբոսաշրջիկների համար ստեղծված Localz օնլայն հարթակը:
Հարթակի հիմնադիրները նշել են, որ 2015թ. հիմնադրված հարթակը հաջողությամբ ավարտել է պիլոտային փուլը:
«Localz-ը զբոսաշրջիկների համար ստեղծված յուրահատուկ հարթակ է, որտեղ նրանք կարող են ընտրել իրենց նախընտրելի տուրը եւ ուղիղ կապ հաստատել պրոֆեսիոնալ գիդ էքսկուրսավարների հետ»,- նշել է ընկերության համահիմնադիր Լիլիթ Ղուկասյանը:
Localz-ը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկին ընտրել նախօրոք կազմված տուրերից մեկը կամ նշել ցանկացած տուր եւ գնային առաջարկներ ստանալ զբոսավարներից 30 րոպեի ընթացքում։
«Իր տեսակով Localz հարթակն առաջինն է Հայաստանում: Հարթակի առավելությունը աշխարհում գործող նմանատիպ այլ ծառայություններից այն է, որ Հայաստան այցելելու գործընթացն առավելագույնս հարմար է կազմակերպվում թե զբոսաշրջիկների, թե էքսկուրսավարների համար»,- նշել է ընկերության համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանը:
2015թ. Localz-ը հաղթող է ճանաչվել (STEP) «Գաղափարից դեպի շուկա» մրցույթում։ Այն Eurasia Mobile Challenge մրցույթի հայաստանյան փուլի 3 հաղթողներից է: Ստարտափը նաեւ հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում: