09:46 | 12.11.15 | Հարցազրույցներ | exclusive 17196

Ռոջեր Ստրաուք. Հայերը պետք է սովորեն ներդրողներին ներկայանալ

Երեւանում նոյեմբերի 17-19-ը կանցկացվի «Ինչպես ներկայացնել բիզնես ծրագիրը ներդրողներին» սեմինարը:

Այն վարելու են Սիլիկոնյան հովտի փորձառու վենչուրային կապիտալիստներ Ռոջեր Ստրաուքը եւ Ռոնալդ Ուայսմանը, որոնք ավելի քան մեկ տասնյակ ընկերությունների հիմնադրման ֆոնդեր են հայթայթել եւ ուղղորդել այդ ընկերություններին մրցունակ դառնալու ճանապարհին:

Itel.am-ը զրուցել է սեմինարի խոսնակներից Ռոջեր Ստրաուքի հետ, որը Կալիֆոռնիայում գործող The Roda Group վենչուրային զարգացման ընկերության նախագահն է: Ընկերությունը տրամադրում է ձեռնարկատերերին միջավայր, ռեսուրսներ եւ աջակցություն տեխնոլոգիական բիզնես սկսելու եւ զարգացնելու հարցում: Միաժամանակ, նա «Գրանատուս Վենչուրս» ընկերության խորհրդատուներից է:

-Պրն Ստրաուք, 15 տարի է, ինչ Հայաստանում ներդրումային եւ բարեգործական գործունեություն եք ծավալում: Ի՞նչ հարցերի պատասխաններ եք փորձելու տալ սեմինարի ընթացքում:

-Այս տարիների ընթացքում նկատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործարար համայնքի կարողությունների զգալի աճ: 20 տարի է, ինչ ներդրումներ եմ իրականացնում տեխնոլոգիաներում:

Կարծում եմ՝ մենք մոտենում ենք հայկական ներկազմակերպական նորարարության եւ, առհասարակ, ձեռներեցության առաջընթացի կարեւորագույն կետին. ընկերությունները բռնել են հաջող զարգացման ուղին՝ ներկայացնելով իրենց մտավոր սեփականությունը համաշխարհային շուկային: Վառ օրինակ են PicsArt եւ Joomag ընկերությունները: Կարծում եմ, որ ապագայում խոստումնալից ընկերությունների թիվը կավելանա:

Բիզնես միջավայրն այստեղ շատ մրցունակ է՝ գերազանց ճարտարագետներ ու թիմային աշխատանք, հաճելի եւ արդյունավետ աշխատանքային միջավայր, մատչելի աշխատուժ: Կարծում եմ՝ տեղական բիզնես միջավայրն ու հարուստ ներուժը թույլ կտան հիմնել ընկերություններ հենց Հայաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում:  

Սակայն հայերը դեռեւս չգիտեն՝ ինչպես պատշաճ կերպով հաղորդակցվել ներդրողների հետ: Նրանք չգիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել իրենց բիզնես գաղափարները ներդրողներին, որպեսզի վերջիններս որոշեն ներդրում կատարել:

Հայերի կարծիքով՝ խնդիրն այն է, որ չկան բավականաչափ ներդրողներ, որոնք ականջալուր կլինեն նոր գաղափարների: Կարծում եմ՝ սա չէ առաջնային խնդիրը: Պետք է իմանալ՝ ինչպես պատշաճ ձեւով հաղորդակցվել ներդրողների հետ եւ հասկանալ, թե ինչն ենք մենք կարեւորում որոշում կայացնելիս: Սա կօգնի ձեռք բերել բիզնես գաղափարը ներկայացնելու հմտություններ եւ այդպիսով մեծացնել ներդրումներ հայթայթելու շանսերը:

Ես եւ Ռոնը (Ռոնալդ Ուայսման - խմբ.), ցանկանում ենք օգնել նպատակասլաց, խելացի եւ աչքի ընկնող հայ գործարարներին ձեռք բերել իրենց բիզնես գաղափարները ներդրողներին պատշաճ կերպով ներկայացնելու հմտություններ:

- Հայ ձեռնարկատերերի հետ աշխատելու մեծ փորձ ունեք: Որո՞նք են նրանց ուժեղ եւ թույլ կողմերը:

- Հայաստանում խորհրդատվություն եմ տրամադրել տասնյակ ձեռներեցների: Ներկայումս պատիվ ունեմ խորհրդատվություն տրամադրել նաեւ PicsArt-ին: Նշեմ, որ Հայաստանում առաջին անլար լայնաշերտ ինտերնետ մատակարարող ընկերության՝ Icon Communications-ի համահիմնադիրն եմ:

Մեծ է Հայաստանի ներուժը մոբայլ ծրագրային տեխնոլոգիաների, ինչպես նաեւ օնլայն եւ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտներում: Հայերը պետք է հասկանան՝ ինչպես ավելի արդյունավետ կերպով հայթայթեն եւ օգտագործեն կապիտալը բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար: Նրանք պետք է կարողանան համոզել, որ իրենց գաղափարները պարզապես հերթականը չեն, այլ ունեն զգալի մրցակցային առավելություններ նպատակային շուկայում:

-Երեւանյան սեմինարին մասնակցելու են ոչ միայն ձեռներեցներ, այլեւ խոշոր նորարարական ընկերությունների ղեկավարներ: Ներկայացրեք, խնդրեմ, ներկազմակերպական նորարարության շուրջ Ձեր գաղափարները եւ թե ինչպես հայկական ընկերությունները կարող են օգուտ քաղել այդ մոդելից:

- Աշխարհի բոլոր միջին եւ խոշոր ընկերությունները փորձում են չկորցնել իրենց լավագույն աշխատակիցներին եւ օգտագործել այդ աշխատակիցների նորարարական գաղափարները ժամանակակից բիզնեսի միտումներին համապատասխան նոր ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու համար: Սակայն այս ընկերություններն ու ձեռնարկատերերը պետք է իմանան՝ ինչպես ներկայացնել եւ գնահատել այդ հնարավորությունները: Սա նման է վաղ շրջանում ստարտափի գնահատմանն ու ֆինանսավորմանը:

Ավելին, կապիտալից բացի՝ խոշոր ընկերություններն այնքան բան ունեն առաջարկելու նոր բիզնեսներին, օրինակ՝ բրենդի ճանաչում եւ վստահություն, վաճառքի աղբյուրներ, արտադրական կարողություններ, գրասենյակային եւ լաբորատորիայի տարածք:

-Ի՞նչ եք կարծում՝ հայաստանյան ստարտափները ֆինանսավորում ներգրավելիս առաջնահերթություն պետք է տան տեղակա՞ն ներդրողներին, թե՞ օտարերկրյա կապիտալին: 

- Երկուսի՛ն էլ: Երբ հայերը վստահ լինեն, որ իրենց հայրենակիցներն ունակ են հրաշալի ընկերություններ հիմնադրել եւ իրացվելիության գրավիչ հնարավորություններ ստեղծել, նրանք կսկսեն ներդրումներ անել հայկական շուկայում:

Ավանդական վենչուրային կապիտալի դեպքում մշտապես կարեւոր է հաջորդ «խոշոր քայլը»:

Վենչուրային կապիտալիստները գիտակցում են, որ գործարքներ կարող են կնքվել նաեւ Սիլիկոնյան հովտի կամ, առհասարակ, ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Հայկական ընկերություններին արդեն հաջողվում է ներդրումներ հայթայթել ամերիկյան վերչուրային կապիտալիստներից: Սակայն նրանք պետք է տիրապետեն նոր նախագծի բիզնես պլանը պատշաճ ձեւով ներկայացնելու մեթոդներին:

- Ո՞րը կլինի ձեր խորհուրդը հայ ձեռներեցներին:

- Մի՛ հապաղեք: Օգտվեք խոշոր շուկաների հնարավորություններից: Ստեղծեք ապրանք կամ ծառայություն, որը կգրավի շուկան եւ իր հերթին միլիոնավոր օգտատերերից բաղկացած համայնք կստեղծի: Ստեղծեք օգտատերի համար արժեքավոր ապրանք կամ ծառայություն: Կարեւորեք ապրանքի որակը, օգտագործման պարզությունն ու օգտատերի գոհունակությունը: Ամբողջապես հասկացեք մրցակցային միջավայրը: Ծախսված յուրաքանչյուր դոլար պետք է արժեք ստեղծի:

Ռոջեր Ստրաուքի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը