Հրապարակվել է EVNvibe խաղի պաշտոնական սինեմատիկ թրեյլերը։ 

Քաղաքային բաց աշխարհով խաղի գործողությունները ծավալվում են Երեւանի իրական քարտեզի հիման վրա ստեղծված միջավայրում։ Խաղացողները կկարողանան ազատ երթեւեկել քաղաքում, բացահայտել դրա տարբեր հատվածները եւ մասնակցել սյուժետային իրադարձություններին։ EVNvibe-ում վերարտադրվել են Երեւանի փողոցները, շենքերն ու ճանաչելի վայրերը։ 

Նախագծի նպատակն է խաղային տեխնոլոգիաների միջոցով նոր ձեւաչափով ներկայացնել հայկական քաղաքային մշակույթը, միջավայրն ու պատմությունները։ 

Խաղի առանցքային կերպարներից են ռեփեր Միշոն եւ Նազենի Հովհաննիսյանը։ Նախագծի հիմնադիր Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ նրանց ընտրությունը պատահական չէ․ երկուսն էլ Երեւանի քաղաքային մշակույթի ճանաչելի դեմքեր են։ 

«EVNvibe-ը ստեղծելիս մեր նպատակը մեկ խաղով սահմանափակվելը չէր։ Ուզում ենք Հայաստանում ստեղծել նախագծեր, որոնք տեխնոլոգիաների եւ ժամանակակից խաղային գործիքների միջոցով հայկական միջավայրը, պատմություններն ու մշակույթը հետաքրքիր կդարձնեն ոչ միայն տեղական, այլեւ միջազգային լսարանի համար։ Այս խաղը մեր առաջին քայլն է»,– նշել է Գրիգորի Բարսեղյանը։ 

Հատուկ EVNvibe-ի համար Միշոն ստեղծել է օրիգինալ սաունդթրեք, որը խաղի երաժշտական միջավայրի մաս է դարձել։ 

Խաղի առաջին տարբերակը կենտրոնացած է Երեւանի վրա, սակայն նախատեսվում է շարունակաբար զարգացնել։ EVNvibe-ը, ըստ նախագծի հեղինակների, հասանելի կլինի 2027 թվականի ապրիլին։