Հոկտեմբերի 2-ին արդեն 10-րդ անգամ Երեւանում մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2026» միջոցառումների շարքը:
Այս տարվա «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ի խորագիրն է՝ «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World)։ Այն նվիրված է արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը եւ այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումներին։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի ղեկավար Գուրգեն Մարդոյանը, EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժուլիեն Շմիթը, Huawei-ի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մոնղոլիայի տարածաշրջանի (CACM) նախագահ Թոմաս Ջանգը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ում համախմբվել են գիտության, ճարտարագիտության, տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ եւ ոլորտով հետաքրքրված մասնագետներ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների եւ համագործակցության հնարավորությունների ձեւավորման նպատակով։
Միջոցառումների շարքը նաեւ հարթակ է Հայաստանի ճարտարագիտական ներուժը, տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարական լուծումները ներկայացնելու եւ տեղական ու միջազգային գործընկերների միջեւ կապերն ամրապնդելու համար։
«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Հուավեյ Թեքնոլոջիսի, Էմերսոն - Նեյշնլ Ինսթրումենթսի եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ եւ Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի աջակցությամբ։