17:28 | 02.10.26 | Նորություններ | 169
Ucom-ը հանդես է գալիս որպես Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի (Armenia-UK Business Forum 2026) պաշտոնական գործընկեր:
Միջոցառումը հոկտեմբերի 5-6-ը Երեւանում կմիավորի Հայաստանի եւ Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։
Համաժողովը մեկ հարթակում միավորելու է բիզնես առաջնորդներին, ներդրողներին, քաղաքականություն մշակողներին եւ նորարարներին՝ նպաստելու նոր գործարար համագործակցությունների ձեւավորմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։ Քննարկումների առանցքում կլինեն ներդրումները, ենթակառուցվածքները, կրթությունն ու մարդկային կապիտալը, արհեստական բանականությունը, խորքային եւ զարգացող տեխնոլոգիաները, ինչպես նաեւ հայ-բրիտանական գործարար համագործակցության նոր հնարավորությունները։
Միջազգային փորձի, գաղափարների եւ կապերի փոխանակումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական եւ տնտեսական զարգացման համար, իսկ Ucom-ն ունի անհրաժեշտ ներուժը՝ դառնալու միջազգային աճի տեխնոլոգիական գործընկեր՝ հիմնվելով տվյալների փոխանցման ընդլայնվող կարողությունների, զարգացած կապի ենթակառուցվածքի եւ ընդլայնվող թվային լուծումների վրա։ Սա հնարավորություն է տալիս ընկերությանը հուսալի եւ բարձրորակ ծառայություններով աջակցել արհեստական բանականության եւ տեխնոլոգիական արագ զարգացման արդյունքում ձեւավորվող նոր հնարավորությունների իրացմանը տարբեր շուկաներում։
«Ucom-ի համար կարեւոր է աջակցել հարթակների, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին եւ հնարավորություն են ստեղծում նոր գործընկերությունների ու գաղափարների համար։ Հատկապես կարեւոր ենք համարում տեխնոլոգիաների, նորարարության եւ ենթակառուցվածքների շուրջ միջազգային համագործակցությունը, քանի որ դրանք այսօր երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային գործոններից են»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այսպիսի նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների եւ կազմակերպությունների համախմբման մեջ է։ Ուրախ ենք, որ Ucom-ի նման գործընկերները միանում են համաժողովի գաղափարին՝ աջակցելով Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ նոր գործարար կապերի եւ համագործակցության հնարավորությունների ձեւավորմանը»,- նշել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։
Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի հիմնական ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ «Դվին» մյուզիք-հոլում։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 800 հրավիրված մասնակիցներ, այդ թվում՝ ավելի քան 100 ներկայացուցիչ Միացյալ Թագավորությունից, եւ 25-ից ավելի խոսնակներ։ Միջոցառումը կազմակերպվում է Oxford Alumni Business Club of Armenia-ի կողմից։