Լաբորատորիայում ժամեր տեւող փորձերը կարող են շարունակվել առանց հետազոտողի մշտական ներկայության, եթե սարքավորումներն ինքնուրույն աշխատեն, իսկ փորձի հաջորդ քայլը որոշի արհեստական բանականությունը։
Այս խնդրի շուրջ էր աշխատում Նարեկ Մելոյանի PhotonicsAI թիմը, որը սեպտեմբերի 26–27-ը Երեւանում անցկացված Firebird Build հաքաթոնի առաջին տեղն է զբաղեցրել եւ 24 ժամում ստեղծել սարքավորումների հետ ինտեգրված AI համակարգի նախատիպ։
Նարեկը Երեւանի պետական համալսարանի Օպտիկայի դեպարտամենտի հետազոտական խմբի անդամ է, սովորում է Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում՝ տվյալների գիտության եւ բիոինֆորմատիկայի ուղղությամբ։ Նրա մասնագիտական փորձը ներառում է նաեւ ծրագրային ճարտարապետությունը եւ հետազոտությունների ավտոմատացումը։
Նարեկ Մելոյանը
photo © Firebird
«Փորձերի ընթացքում կարող է մարդկային սխալ լինել կամ պարզապես մարդը չկարողանա ամբողջ գիշեր շարունակել աշխատանքը։ Մենք ստեղծել ենք համակարգ, որտեղ AI-ն ինքնուրույն կառավարում է սարքավորումները եւ փորձում պատասխանել հետազոտական հարցերին։ Հաքաթոնի ընթացքում տարբեր ավտոմատացման լուծումները միավորեցինք մեկ համակարգում։
Հաքաթոնն ինձ համար ցույց տվեց, թե 12-24 ժամում տարբեր մասնագետներ ինչ հետաքրքիր պրոդուկտ կարող են ստեղծել միասին։ AI-ի զարգացումը, իմ կարծիքով, չի վերացնում մասնագիտությունները, այլ փոխում է դրանցում մեր անելիքները։ Ինձ համար էլ հետաքրքիր փորձ էր՝ տարբեր մասնագետների հետ այդքան երկար աշխատել ու հասկանալ, թե ինչ լավ թիմ կարող ենք կազմել»,-
Itel.am-ի հետ զրույցում նշել է Նարեկը։
photo © Firebird
Firebird Build-ը նախաձեռնել էր Firebird-ը՝ OpenAI-ի, NVIDIA-ի, Picsart-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), AI9-ի եւ YerevaNN-ի հետ համագործակցությամբ։
Թիմերն աշխատել են OpenAI Codex-ի միջոցով եւ ստացել տեխնոլոգիական համայնքի մասնագետների մենտորական աջակցություն։ Նրանց նախագծերը ներառում էին ռոբոտաշինություն եւ ֆիզիկական AI, առողջապահություն, բնապահպանություն, կիբեռանվտանգություն եւ այլ ուղղություններ։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ հաքաթոնը ընկերության ավելի լայն տեսլականի մաս է։
Ալեքսանդր Եսայանը
«Այս միջոցառումը լիովին համահունչ է Firebird-ի տեսլականին՝ AI հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիաները հասանելի դարձնել այն շուկաներում, որտեղ մեծ տաղանդ ու գիտելիք կա, սակայն զարգացած ենթակառուցվածքը դեռ բավարար չէ։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ներուժը վերածվի նոր արտադրանքների ու ընկերությունների։ Firebird Build-ը հենց այդ ուղղությամբ քայլ է՝ հնարավորություն տալով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, իրենց գաղափարները վերածել գործի»,– ասել է նա։
Հաքաթոնի նկատմամբ հետաքրքրությունը, ըստ կազմակերպիչների, մեծ էր․ ստացվել էր ավելի քան 500 հայտ, իսկ մասնակիցների թվում եղել է նաեւ թիմ Վրաստանից։
Էդիտա Ղազարյանը
«Շատ ոգեւորիչ է տեսնել այսպիսի արձագանք մեր համայնքի կողմից․ մենք ունեցանք ավելի քան 500 հայտ, ինչը փաստում է, որ այս հնարավորությունը պահանջված էր մեր տեխնոլոգիական ոլորտի համար։ Հայաստանն այսօր դառնում է արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց, եւ Firebird-ի ու ԱՏՁՄ-ի ռազմավարական գործընկերությամբ մենք շարունակական ենք դարձնելու այսպիսի միջոցառումները՝ մեր տեխնոլոգիական համայնքին նոր հնարավորություններ ընձեռելու համար»,– նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
Firebird AI-ի տեխնիկական գծով տնօրեն եւ ժյուրիի անդամ Հարութ Մարտիրոսյանի խոսքով՝ մասնակիցների նախագծերի զգալի մասը մոտ էր արդեն աշխատող նախատիպի մակարդակին։
Հարութ Մարտիրոսյանը
«Մեծամասնությունը բավական հետաքրքիր նախագծեր էին։ Մեծամասնությունը գրեթե պատրաստի պրոտոտիպներ էին։ Մի քանի թիմ ներկայացման ընթացքում խնդիրներ ունեցավ, բայց փորձեցինք հասկանալ նրանց գաղափարը եւ լրացնել այդ բացը։ Գնահատելիս հաշվի ենք առել մի քանի չափանիշ՝ իրական խնդրի առկայություն, աշխատող նախատիպ, տեխնիկական իրականացում, իրականացման պլան եւ շուկա դուրս գալու հնարավորությունը, ինչպես նաեւ պատասխանատու գործունեությունը»,- ասել է Հարութ Մարտիրոսյանը։
Հաքաթոնի մեկ այլ կարեւոր բաղադրիչը մենտորական աջակցությունն էր։ YerevaNN-ի հիմնադիր եւ մենտոր Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ մասնակիցների ընտրած թեմաներն արդեն ցույց էին տալիս, թե ինչ ուղղություններով է մտածում տեղական տեխնոլոգիական համայնքը։
«Շատ ուրախ եմ, որ այս տարի շատ ռոբոտաշինական թեմաներ կային։ Շատերը հասկացել են, որ ռոբոտների համար ամենամեծ խնդիրներից մեկը տվյալներն են եւ մի քանի նախագիծ հենց այդ ուղղությամբ էր։ Հետաքրքիր է նաեւ, որ թիմերի մեծ մասն այստեղ եկել էր արդեն կազմավորված։ Որոշ թիմեր փորձում էին իրենց գործող արտադրանքներին ավելացնել AI եւ ռոբոտացված բաղադրիչներ։ Այսպիսով, հաքաթոնը մասնակիցների համար նաեւ փորձարկման միջավայր էր՝ հասկանալու, թե ինչպես կարելի է արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիական արտադրանքը տեղափոխել նոր մակարդակ»,- նշել է Հրանտ Խաչատրյանը։
Firebird Build-ի ընդհանուր մրցանակային փաթեթը կազմել է 105 հազար դոլար՝ ներառելով 80 հազար դոլարի դրամական մրցանակներ եւ OpenAI-ի տրամադրած 25 հազար դոլարի API կրեդիտներ։
Առաջին տեղը զբաղեցրել է PhotonicsAI թիմը։ Հաղթողներին շնորհվել է 50 հազար դոլար դրամական մրցանակ եւ 12 հազար դոլարի OpenAI API կրեդիտներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Why isn’t there an Ollama for VLAs?» թիմը։ Այն մշակել է ռոբոտների համար արհեստական բանականության VLA մոդելների ուսուցման ենթակառուցվածք։ Թիմը ստացել է 20 հազար դոլար եւ 8 հազար դոլարի OpenAI API կրեդիտներ։
Երրորդ տեղը զբաղեցրել է EXPM թիմը՝ AI գործակալների վրա հիմնված ինքնավար անվտանգության հարթակով։ Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է խոցելիությունները, առաջարկում եւ թեստավորում դրանց շտկումները։ Թիմի մրցանակը կազմել է 10 հազար դոլար եւ 5 հազար դոլարի OpenAI API կրեդիտներ։
Firebird-ի նախաձեռնությունը ընկերության ավելի լայն ռազմավարության մաս է՝ AI ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ ընդլայնել տեղական մասնագետների եւ ստարտափների հնարավորությունները։
Այսպիսի հարթակների միջոցով Հայաստանում ստեղծված տեխնոլոգիական գաղափարները հնարավորություն են ստանում փորձարկվել առաջատար AI գործիքներով, ստանալ մասնագիտական հետադարձ կապ եւ հետագայում զարգանալ արդեն միջազգային շուկայի համար նախատեսված արտադրանքների ուղղությամբ։
Նունե Գրիգորյան