17:02 | 23.09.26 | Նորություններ | 91
Սեպտեմբերի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անցկացրել է իր առաջին գալա երեկոն՝ նշելով գործունեության 15-ամյակը։
Երեկոյի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Հայաստանում Թումոյի ընդլայնմանը։
Լոս Անջելեսի Վիբիանայի պատմական շենքում տեղի ունեցած երեկոյի պատվավոր հյուրերն էին Վահե Կուզոյանը («ServiceTitan»-ի համահիմնադիր եւ նախագահ), Ռեւ Լեբարեդեանը («NVIDIA-ի Physical AI Simulation»-ի փոխնախագահ) եւ Արա Մահտեսյանը («ServiceTitan»-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն)։ Հատուկ ելույթով բեմ բարձրացավ «System of a Down» խմբից Սերժ Թանկյանը։
Հյուրերի շարքում էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, Արման Ծառուկյանը, Մայքլ Գյուրջյանը, Քեթրին Սարաֆյանը, Սօնա Մովսէսեանը, Մերի Բասմաջյանը, Դեյվ Ֆարինան եւ այլք։ Այս հիշարժան գալա երեկոն վարեց «Nasdaq Listings»-ի հաղորդավար Քրիսթինա Այանեանը։
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել բարեգործական աճուրդ, որը ներառում էր «UFC»-ի մարտիկ Արման Ծառուկյանի հետ անհատական մարզում եւ ճաշ, աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասիի հետ թենիսի եւ գրոսմաստեր Լեւոն Արոնյանի հետ շախմատի անհատական դասեր։
Գալա երեկոյի ընթացքում վաճառվել է եզակի «Արարատ» կոնյակ, որն ստեղծվել է 1991 թվականի հնության սպիրտերից եւ նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին։ Այն ռազմավարական համագործակցության շրջանակում Թումոյին է նվիրաբերել Երեւանի կոնյակի գործարանը։
Թումոյի 15-ամյակի գալա երեկոն նպատակ ուներ վերահաստատելու Թումոյի առաքելությունը՝ աշխարհի պատանիներին տրամադրել կյանքեր վերափոխող կրթական փորձառություններ, ինչպես նաեւ հետադարձ հայացք գցելու Թումոյի ազդեցությանն ու աճին՝ միաժամանակ առաջ նայելով դեպի տեխնոլոգիաների, ստեղծարարության ու նորարարության շնորհիվ հզորացող ուսանողների հաջորդ սերունդը։
«15 տարի առաջ Թումոն սկիզբ առավ մի հասարակ գաղափարից. պատանիներն ունեն ազատություն՝ բացահայտելու իրենց տաղանդները, ունեն ուժ՝ ձեւավորելու ոչ միայն իրենց, այլեւ մի ամբողջ ազգի ապագան։ Այդ օրվանից սկսած մենք տեսնում ենք, թե ինչպես են հազարավոր պատանիներ մտնում Թումո եւ դառնում ինքնավստահ երիտասարդներ, որոնք գիտակցում են իրենց գաղափարների կարեւորությունը»,- նշել են Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները։
«Շատ հաճախ մարդիկ մտածում են՝ Թումոն մի տեղ է, որտեղ պատանիները բացահայտում են իրենց տարերքը, հասկանում, թե ինչ են ուզում անել իրենց կյանքում ու ձեռք բերում մրցակցային կարիերայի հմտություններ։ Իհարկե, այս ամենը ճիշտ է։ Բայց ես հասկացել եմ, որ իրական կախարդանքը տեղի է ունենում, երբ մեր ուսանողներն ի զարմանս իրենց բացահայտում են բոլոր այն հրաշալի կարողությունները, որ նրանք միշտ էլ ունեցել են»,- ասել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Թումո Հայաստան նախաձեռնությունը, որին ուղղվելու է հավաքագրված գումարը, Թումոյի նորարարական կրթական ծրագիրը հասանելի է դարձնում երկրի ողջ տարածքում շնորհիվ կենտրոնների ու տուփերի, որոնք անգամ հեռավոր համայնքների պատանիներին հնարավորություն են տալիս ձեռք բերելու ապագային միտված հմտություններ տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում։