09:42 | 21.05.18 | Նորություններ | 7809

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է «Հեծանվով դեպի աշխատավայր» նախաձեռնությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում է «Հեծանվով դեպի աշխատավայր» հանրային իրազեկման միջազգային նախաձեռնությանը:

Մայիսի 18-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով եւ աշխատավայր են ժամանել հեծանիվներով:

«Արդեն երկրորդ տարին շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցներին քաջալերում է միանալ հեծանվով աշխատանքի գալու նախաձեռնությանը: Իրականում, հեծանվային մշակույթի զարգացումը կարող է դառնալ նոր սկիզբ՝ հանրային առողջության ոլորտի եւ շրջակա միջավայրի կարեւոր խնդիրները մեր երկրում լուծելու համար: Օրինակ՝ մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվի նաեւ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարեւոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում: Բացի այդ, ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղիի առկայությունը կարեւոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու եւ լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղեւորվել են դեպի Անգլիական այգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ սովորել են տիրապետել հեծանիվ վարելու: