14:17 | 16.08.17 | Նորություններ | 6850

ՏՏ ոլորտի ընկերությունները Գյումրիում դասընթացներ են կազմակերպում

«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունը` «Ինստիգեյթ Դիզայն» եւ «Դեվելանդոո» ընկերությունների հետ համատեղ, ապրիլից Գյումրիում անցկացնում է ՏՏ ոլորտի մասնակիցների դասընթացներ։

Դասընթացների հիմքում դրված են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ծրագրերը։ Պարապմունքներն անցկացվում են «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության Գյումրիի հետազոտական կենտրոնում, դասավանդում են «Ինստիգեյթ Դիզայնի» եւ «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության աշխատակիցները։

57 դիմորդից հարցազրույցների միջոցով ընտրվել է 22 ուսանող, որոնք մինչ օրս անցնում են համապատասխան վերապատրաստում։

Դասընթացների նպատակն է ՏՏ սկսնակ մասնագետներին ապահովել ոլորտի համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին, պատրաստել կադրեր Գյումրիում գործող ՏՏ ընկերությունների համար։

«Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանի խոսքով, դասընթացները բավական մեծ արդյունք են գրանցել։ Արդեն իսկ որոշվել է, որ 17 ուսանող աշխատանքի կանցնի նշված ընկերություններում։ ՏՏ ոլորտի եւս երկու ընկերություն՝ «Ֆայմտեխ» եւ «Էրիդա», հետաքրքրված են վերապատրաստման փուլն անցած երիտասարդներով, եւ մեկ-երկուսն էլ հավանաբար կհամալրեն այդ կազմակերպությունների աշխատակազմը։

Կազմակերպիչները որոշել են նույն ձեւաչափով եւ համագործակցությամբ շարունակել դասընթացները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը, «Ինստիգեյթ Դիզայն», «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերություններն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ են։