11:42 | 13.07.17 | Նորություններ | 5515

Ֆրանսիացիները ՀՀ Գիտությունների ակադեմիային սուպեր համակարգիչ կնվիրեն

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) սուպեր համակարգիչ նվիրել, որն ունակ է լուծելու տարբեր ոլորտներին վերաբերող դժվարագույն խնդիրներ ու հաշվարկներ։

Այս մասին հայտնի է դարձել Երեւանում ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեի ու ֆրանսիական մի շարք բուհերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Նախարարն աջակցություն է հայտնել համակարգչային գիտության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունն ընդլայնելուն, ինչպես նաեւ գոհունակություն է հայտնել ՏՏ եւ համակարգչային գիտության բնագավառում հայ-ֆրանսիական 15-ամյա արդյունավետ համագործակցության համար։

Միշել Դայդեն նույնպես ընդգծել է բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա հաջող գործակցությունը, ներկայացրել վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները:

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանն էլ անդրադարձել է Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումների եւ հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի փորձին:

Հանդիպման ընթացքում, որպես օրինակ, ներկայացվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ուղղությամբ անհրաժեշտ մաթեմատիկական հաշվարկները:

Ընդգծվել է նաեւ, որ տնտեսության տարբեր բնագավառներում առկա խնդիրների լուծման համար նվիրաբերվող սուպեր համակարգիչը «չափազանց օգտակար կլինի»։