16:04 | 13.06.17 | Նորություններ | 18839

«Ռոստելեկոմ»-ն ու Zangi-ն կհամագործակցեն

«Ռոստելեկոմ» Հայաստանի եւ Zangi-ի ներկայացուցիչներն այսօր ազդարարել են համագործակցության մասին. Zangi մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության գործառույթներն այսուհետ հասանելի են «Ռոստելեկոմ»-ի սմարթ հեռուստատեսության էկրանին:

«Համագործակցությունը եզակի է Հայաստանում, քանի որ մենք առաջինն ու միակն ենք, ով նման ձեւաչափով՝ իր հեռուստատեսության ծրագրով, շփման եւ հաղորդակցման համար հնարավորություն է ձեւավորել իր բաժանորդների համար։ Սա նոր գործառույթ է եւ, ինչպես տեխնոլոգիական ցանկացած նորույթ, հեշտացում է մարդկանց կյանքը՝ պարզեցնելով ու հասանելի դարձնելով հաղորդակցման հնարավորությունները։ Ընդ որում, մենք շատ ենք կարեւորում Zangi մեսենջերի տեխնոլոգիական առավելությունները, որոնք մշտապես հետաքրքիր են դարձնում հավելվածը ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտերկրի օգտագործողների շրջանում։ Մեր համատեղ ծառայությունն արդեն իսկ անցել է թեստավորման փուլը եւ այժմ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են օգտվել նաեւ այս գործառույթից»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մենք շատ ենք կարեւորում այս համագործակցությունը, քանի որ երկու հայաստանյան ընկերություններ միավորել են իրենց ներուժը՝ առաջ մղելու եւ զարգացնելու հայաստանյան տեխնոլոգիաները»,- հավելել է նա: