12:58 | 07.04.17 | Նորություններ | 3848

Հայտնի են Seedstars Summit 2017-ի հաղթողները

Ապրիլի 6-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հայտարարվել են Seedstars Summit 2017-ի գլոբալ հաղթողները:

65 երկրներ ներկայացնող ազգային հաղթողները մրցել են սկզբում կիսաեզրափակիչ փուլում, որի արդյունքում եզրափակիչ է անցել 12 ստարտափ:
 
Seedstars Summit 2017-ին մասնակցել է նաեւ հայաստանյան ազգային ընտրության հաղթող Earlyone-ը:

Seedstars World Summit մրցանակին է արժանացել Ֆիլիպինները ներկայացնող Acudeen Technologies-ը, որը կստանա $500 հազ-ին համարժեք ներդրում: Ստարտափի մշակած ինովացիոն լուծումը ՓՄՁ-ներին օգնում է կանխիկացնել ինվոյսները, զեղչել նրանց կուտակած ընթացիկ պարտքերը՝ ապահովելով աշխատանքային կապիտալով, որը նրանք չեն կարող ստանալ բանկերից:

Transforming Education Prize անվանակարգի հաղթողն է ԱՄԷ-ն ներկայացնող Asafeer Education Technologies-ը, որը $50 հազ. դրամաշնորհ է ստացել Trecc-ից: Հարթակը կիրառում է վերջին հետազոտություններն ու ուսումնասիրություններն արաբերենի ուսուցման ոլորտում, որը թույլ է տալիս համատեղել կրեատիվ բովանդակությունը եւ օգտակար աղբյուրների բազան:

FinTech լավագույն լուծումը UnDosTres-ինն է Մեքսիկայից: PayU-ի կողմից այն ստացել է հնարավորություն՝ մասնակցելու Seedstars Growth ծրագրին եւ 5 ուղեգիր դեպի Սիլիկոնյան հովտի ֆինթեք տուր: UnDosTres-ն ունիվերսալ մոբայլ դրամապանակ է, որը առաջարկում է մոբայլ լիցքավորումներ եւ խրախուսական մրցանակներ:

Լավագույն կին ձեռներեց անվանակարգում հաղթել է Պերուից qAIRa թիմը: Ստարտափն ակտիվ գործում է գլոբալ աղտոտման դեմ պայքարում` հետեւելով օդի որակին ցանկացած վայրում եւ ցանկացած պահի:

Ամենանորարար ստարտափը Հարավային Կորեայից PiQuant-ն է: Մշակած տեխնոլոգիան օգնում է մարդկանց չուտել եւ չխմել տոքսիկ քիմիկատներ:

Հանրային քվեարկության հաղթողն է Հորդանանը ներկայացնող Mind Rockets-ը, որը մշակում է աջակցող տեխնոլոգիաներ ամբողջ աշխարհում լսողության խնդիրներ ունեցող համայնքի համար:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Earlyone-ի մշակած լուծումը հնարավորություն է տալիս բիզնեսներին կրճատել հաճախորդների սպասելու ժամանակը` այդպիսով տարեկան խնայելով շուրջ $30 հազ.։ Համակարգը հարմար է բանկային եւ ֆինանսական, առողջապահական եւ բժշկական, հեռահաղորդակցության եւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար։

Seedstars Yerevan-ի 2013թ. հաղթող SoloLearn-ը, որը ՄԻԿ աքսելերացիայի ստարտափներից է, նույն տարում ընդգրկվել էր Seedstars World-ի լավագույն եռյակի մեջ: 2015թ. էլ հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվել էր Seedstars World-ի լավագույն տասնյակում: