10:45 | 31.03.17 | Հոդվածներ | exclusive 20237

#ՏեխնոՄարտ. Ամփոփում

Գարնան առաջին ամիսն իր հետ բազմաթիվ լավ նորություններ բերեց՝ Հայաստանում արտասահմանյան նոր ՏՏ կենտրոնների բացման մասին լուրերից մինչեւ ԱՄՆ-ում հայերի հիմնադրած ServiceTitan-ի կողմից $80 մլն-ի ներգրավում:

Itel.am-ն ամփոփում է #ՏեխնոՄարտը:

#ArmenianTech

Այս ամիս պարզ դարձավ, որ ամերիկյան Cloudflare-ը դատա կենտրոն է բացում Երեւանում: Սա Cloudflare-ի Ասիայում 37-րդ դատա կենտրոնն է եւ 103-րդը՝ գլոբալ մակարդակում: Ի դեպ, .am դոմենային տիրույթի շուրջ 760 կայք արդեն իսկ կցված է Cloudflare-ին:

Մարտը ցույց տվեց, որ Հայաստանը հետաքրքրում է ոչ միայն Cloudflare-ին: Այստեղ 3-6 ամսվա ընթացքում կենտրոն բացելու մտադրություն ունի նաեւ Պալո Ալտոյում կենտրոնակայան ունեցող HUB Silicon Valley գլոբալ ցանցը, որի անդամ են Սիլիկոնյան հովտի 300-ից ավելի մենթորներ, փորձագետներ եւ ներդրողներ:

Ուրախալի է, որ Հայաստանի բիզնես հրեշտակները եւս որոշեցին ակտիվանալ ՏՏ-ում եւ ֆինանսավորում տրամադրել հայաստանյան ստարտափներին: Օրեր առաջ հայտարարվեց, որ Հայաստանում մեկնարկող «Գլոբալ Ստարտափ» նոր ծրագրի շրջանակում կընտրվի 10 ստարտափ, որոնց, ընդհանուր առմամբ, կտրամադրվի $200 հազ. ֆինանսավորում: Հետագայում ներդրումների չափը կավելացվի:

Հայ հիմնադիրներ ունեցող եւ ԱՄՆ-ում գործող՝ տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ServiceTitan ընկերությունն էլ հայտարարեց ներդրումային B ռաունդում $80 մլն ներգրավելու մասին:

Այս ամիս վերագործարկվեց Pixomatic հայկական հավելվածը եւ իր նոր գործառույթներով մարտահրավեր նետեց Photoshop-ին: Մեքենայական ուսուցման եւ համակարգչային վերջին տեխնոլոգիական միտումների վրա հիմնված ալգորիթմներ ունեցող Pixomatic-ում այլեւս առկա են ոճային փոփոխությունների ֆիլտրեր եւ լուսանկարում մազերի կտրման հնարավորություն:

Մարտը հաջողակ էր Inapptics հայաստանյան ստարտափի համար: Արհեստական բանականության վրա հիմնված մոբայլ հավելվածների համար անալիտիկ ծրագիր մշակած ստարտափը մասնակցում է էստոնական Startup Wise Guys աքսելերատորի ծրագրին՝ ընտրվելով աշխարհի 250-ից ավելի ստարտափներից:

Վերջապես գործարկվեց Shadowmatic-ի Android տարբերակը, որը, ի տարբերություն iOS-ի ($2,99), անվճար է ներբեռնման համար:

Այս ամիս Երեւանում կայացավ Startup Boost Weekend-ը, որի հաղթող ճանաչվեց Bridge հարթակը: Դրամական մրցանակից բացի, թիմը կընդգրկվի EPIC Startup Incubator-ի ծրագրում, կստանա հնարավորություն ներկայացնել գաղափարը Sevan Startup Summit 2017-ում:

Հայկական ARLOOPA-ն էլ հայտարարեց, որ համանուն հավելվածն օգտագործվում է ավստրիական Coca-Cola-ի կողմից նոր՝ #CokeQuartett-ի գովազդային արշավի շրջանակում:
                 
Հարցազրույցներ

Itel.am-ի հետ հարցազրույցում ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանը շեշտեց, որ Հայաստանը պետք է ձգողության կենտրոն դառնա.

«Սիլիկոնյան հովտում խոշոր բիզնես ստեղծած մարդկանց 80%-ը ներգաղթյալներ են կամ ներգաղթյալների երեխաներ: Պետք է Հայաստանում ստեղծել յուրահատուկ Սիլիկոնյան հովիտ, այնպիսի պայմաններ, որպեսզի մեր կրթական կենտրոնները գրավիչ դառնան այլ ազգերի ներկայացուցիչների համար: Մարդկանց մի մասը կմնա, մյուսները կհեռանան՝ այստեղ թողնելով ամուր կապեր ու ընկերներ, եւ կշարունակեն աշխատել Հայաստանի հետ: Իրականում հենց դա է Հայաստանում ստեղծվող ամեն ինչի որակը բարձրացնելու բանալին»:

Ամերիկյան մեդիա ուղղվածության ստարտափներում սաղմնային (seed) ներդրումներ իրականացնող Matter աքսելերատորի տնօրեն Քորի Ֆորդի հետ մեր զրույցը Սիլիկոնյան հովտի «չգրված օրենքների» մասին էր: Ֆորդը, որը ներդրում է իրականացրել հայ հիմնադիրներ ունեցող երկու ստարտափում, կարծում է, որ ձեռներեցությունը բավական երկար ճանապարհորդություն է.  

«Կասեմ հետեւյալը՝ փորձե՛ք շուկայում դիրքավորվել հնարավորինս արագ: Եթե ցանկանում եք գնալ Սիլիկոնյան հովիտ, գնացե՛ք այնտեղ եւ դիրքավորվե՛ք: Սակայն մի՛ ակնկալեք, որ շատ արագ ներդրում եք ստանալու: Դրա փոխարեն սովորե՛ք ավելի լավ անել այն, ինչ անում եք»:

Էստոնիայի հաջող փորձի եւ ստարտափ սխալների մասին հայ ընթերցողին պատմեց Տարտու քաղաքում գործող Buildit աքսելերատորի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Թոնիսոնը:

«Հաճախ թիմերը չեն զգում կամ ուշադրություն չեն դարձնում այն երեւույթին, որ վաղ շրջանում ներդրումը ոչ թե պրոդուկտում է կատարվում, այլ թիմում: Պետք է աքսելերացիոն ծրագրին դիմելու հայտում շեշտը դնել թիմի վրա, նշել, թե ինչ համատեղ փորձ ունեք, ինչ ծրագրեր եք միասին իրականացրել, երբվանից եք ճանաչում միմյանց…»:

«ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքի շրջանակում էլ զրուցեցինք Teamable ընկերության համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանի հետ.

«Մեծ ընկերությունները պետք է իրենց հովանու տակ վերցնեն ավելի փոքրերին ու սկսնակներին՝ նրանց մասնագիտական ու բիզնես աճը խթանելու համար: Նույնը կարող ենք ասել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերի ընկերությունների մասին… Այդպես կապիտալը Հայաստանից դուրս չի գա, տնտեսությունն էլ կդառնա ավելի տեխնոլոգիական ու արդյունավետ: Նման փորձեր Հայաստանում որպես կանոն չեն անում: Պատճառները շատ են, հիմնականը` անտեղյակությունն ու նորարարությունների իրական ուժը չգնահատելն է»:

Պատմեցինք նաեւ Սան Ֆրանցիսկոյում 3D տպագրական ընկերություն հիմնած հայ աղջիկների մասին:

Նարինե Դանեղյան