11:58 | 20.03.17 | Նորություններ | 27617

Հայտնի են Startup Boost Weekend-ի հաղթողները

Հայտնի են մարտի 17-19-ը Հայ-Ռուսական համալսարանում կայացած Startup Boost Weekend ուսանողական մրցույթի հաղթող թիմերը:

Կազմակերպիչների խոսքով՝ սա Հայաստանում առաջին միջոցառումն է, որը թիրախավորում է համալսարանի ուսանողներին՝ ստարտափ մշակույթը տարածելով նաեւ ակադեմիական միջավայրում:

54-ժամանոց միջոցառման շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի եւ Ամերիկյան համալսարանի ուսանողները միասին մշակել են նոր բիզնես-գաղափարներ եւ ոլորտի առաջատար մենթորների օգնությամբ ներկայացրել դրանք:

Հաղթող է ճանաչվել Bridge թիմը, որը կընդգրկվի EPIC Startup Incubator-ի ծրագրում, կստանա հնարավորություն ներկայացնել գաղափարը Sevan Startup Summit 2017-ում, ինչպես նաեւ կստանա $600 մրցանակ եւ գրքերի փաթեթ: Bridge-ը հարթակ է, որը կապում է ուսանողներին եւ ընկերություններին՝ ինտերնշիփի հնարավորությունների համար:

2-րդ տեղում հայտնված Send to Soldier թիմին շնորհվել է $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ: Այն առաքման ծառայություն է, որը թույլ է տալիս զինվորներին փաթեթներ ուղարկել:

3-րդ տեղում է հայտնվել Quick Survey թիմը, որն օնլայն հարցումների գործիք է բիզնեսների համար եւ հեշտացնում է թիրախային լսարանից կարծիք ստանալու հնարավորությունը:   

«Ստարտափ մշակույթի հաջող ներկայացումը հայ ուսանողներին կնպաստի հայաստանյան ՏՏ էկոհամակարգի ընդհանուր հաջողությանը, որը պետք է նպաստի ՏՏ ձեռներեցության աճին եւ  ապահովի տեխնոլոգիական զարգացումը»,- ասել է Հայ-Ռուսական համալսարանի տեխնոլոգիական զարգացման գծով տնօրեն Համբարձում Քաղկեցյանը:

Միջոցառումը կազմված է եղել մի շարք բաղադրիչներից՝ թիմերի ձեւավորում, ստարտափ փիչինգ, նախատիպերի մշակում, UI/UX դիզայն, բիզնես մոդելի գեներացում, փորձագետներից խորհրդատվություն եւ այլն: