13:17 | 08.11.16 | Նորություններ | 3202
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը մեկնաբանել է անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ավարտական փուլում թվային կցուրդ սարքերի որակի եւ դրանց անվճար տրամադրման հետ կապված խնդիրները:
Գրիգոր Ամալյանն ասել է, որ ընկերության թեժ գծով ստացված զանգերը հիմնականում պայմանավորված են մի քանի հանգամանքներով. ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում ընդունիչ սարքերը ճիշտ կարգավորել, կամ էլ անորակ ալեհավաքների ու հաղորդալարերի պատճառով դրանք չեն միանում։
Նրա խոսքով` ՀՀՌՑ ընկերության մասնագետների ցուցումներից հետո սարքերը հիմնականում նորմալ աշխատում են։
«Հաջորդ խնդիրը կապված է այն քաղաքացիներ հետ, որոնք պաշտոնապես ներգրավված չեն սոցիալական անապահովություն ունեցողների ցանկում, բայց իրենց անապահով են համարում եւ ցանկանում են անվճար կցուրդ սարք ստանալ։ Այս խնդրի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, ուստի ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որեւէ լիազորություն չունի եւ չի կարող լուծում տալ խնդրին։ Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրված սարքերի որակին եւ անսարքության դեպքերին, ապա անվճար տրամադրված սարքերը ներկրող կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նրանք պետք է 1 տարվա երաշխիքային սպասարկում իրականացնեն եւ հանրապետության բոլոր մարզերում ունենան իրենց սպասարկման կետերը։ Սա նշանակում է, որ եթե սարքը մինչեւ 1 տարին լրանալը խափանվել է կամ վատ է աշխատում, իսկ ապրանքը ներկրող ընկերությունը 5-օրյա ժամկետում չի կարողանում սարքի թերությունը վերացնել, ապա պարտավոր է քաղաքացուն նոր կցուրդ սարք տրամադրել»,- պարզաբանել է նա:
Գրիգոր Ամալյանի խոսքով՝ կցուրդ սարքերի տուփերի մեջ երաշխիքային կտրոնների հետ գտնվում են նաեւ այն հասցեները, որոնցով նման դեպքերում պետք է դիմել։
«Մենք ինքներս հետաքրքրված ենք այդ խնդրով, ներկրող կազմակերպությանը ժամանակ առ ժամանակ հարցում ենք անում։ Շատ չնչին տոկոս են կազմում հետդարձի համար դիմելու դեպքերը։ Այդ սարքերը տեխնիկապես շատ բարձր որակ ունեն եւ կտրոններով վերապահված իրավունքով շատ քիչ քաղաքացիներ են ներկրող կազմակերպությանը դիմել»,- ասել է նա:
Գրիգոր Ամալյանն ընդգծել է, որ ՀՀ տարածքում թվային հեռուստահեռարձակման տեխնիկական որակն ատեստավորված է միջազգային չափանիշներով:
Անդրադառնալով լրագրողների բարձրաձայնած խնդիրին, թե եղել են քաղաքացիներ, որոնք, ընդգրկված լինելով սոցիալական անապահովություն ունեցողների ցանկում, անվճար սարք չեն ստացել, Գրիգոր Ամալյանը հորդորել է նման դեպքում զանգահարել ՀՀՌՑ թեժ գծին ՝ 010 65-37-87 եւ 87-97 հեռախոսահամարներով։