Այսօր Երեւանում մեկնարկել է ArmIGF 2016 Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը:
Երկրորդ անգամ անցկացվող համաժողովը կազմակերպվել է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաեւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում լինելու է համացանցում հայկական կոնտենտի ավելացումը եւ դրա արտահանումը:
«Սրա վրա պետք է աշխատենք բոլորս՝ ոչ միայն պետական մարմինները, այլեւ մասնավոր սեկտորը: Կառավարությունն իր հերթին պետք է աջակցի, ստեղծի համապատասխան օրենսդրական դաշտ»,- նշել է նախարարը:
Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը ինտերնետ կառավարման ասպարեզում առաջատար է առաջին հերթին հայ մասնագետների եւ լայն շփումների շնորհիվ:
«Ինտերնետ հանրության» եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, իր հերթին, նշել է, որ կան շատ երկրներ, որտեղ մարդիկ թեեւ ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն, սակայն չեն օգտվում, քանի որ չեն զգում դրա կարեւորությունը:
«Ուստի կարեւորը բովանդակությունն է, եւ հիմա արժե մտածել բովանդակային ենթակառուցվածքում ներդրումներ անելու մասին: Ինտերենտի գեղեցկությունն այն է, որ հաջորդ Facebook-ը կամ Twitter-ը կարող է հենց Հայաստանում ծնվել: Դրա համար պետք է միջավայր, որը կօժանդակի նորարարությանը: Պետք է գործընթացում ընդգրկել նաեւ այն մարդկանց, որոնք հայտնի են որպես ինտերնետի ակտիվ օգտագործողներ»,- ասել է Ֆրեդերիկ Դոնկը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ իր ելույթում ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ոլորտը՝ մասնավորապես խոսելով ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերների մասին:
Համաժողովը բաղկացած է հետեւյալ բաժիններից՝ շուկա ներխուժած OTT ծառայությունների կարգավորումը, սոցիալական ցանցը՝ որպես բիզնես գործիք, կիբեռանվտանգություն՝ օրվա հրամայականը եւ ոչ հավաստի տեղեկատվական աղբյուրների դեմ պայքարը: