07:02 | 16.06.16 | IT պատանիներ | exclusive 7478

IT պատանիներ. Ռոզա Ղազարյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

17-ամյա Ռոզա Ղազարյանը վեբ ծրագրավորում է սովորում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

***
Սովորում եմ Հայ-հունական քոլեջում՝ տուրիզմի բաժնում: Չեմ պատրաստվում համալսարանում ծրագրավորում սովորել, քանի որ մտադիր եմ տուրիզմն ընտրել որպես առաջին մասնագիտություն: Ծրագրավորմամբ զբաղվելու մեծ նպատակներ, սակայն, ունեմ: Ձմռանն ավարտելու եմ քոլեջը եւ կսկսեմ արդեն աշխատանք փնտրել:


Ռոզա Ղազարյանը

Ծրագրավորումն արդի մասնագիտություն է, եւ դրա դերը մեր կյանքում օրեցօր մեծանում է: Այսպիսով դու կարողանում ես կատարել քո սիրած աշխատանքը եւ դրա դիմաց բարձր վարձատրվել:

***
Լավ ծրագրավորողի երեք գլխավոր հատկանիշներն են մտքի ճկունությունը, աշխատասիրությունը եւ նորարարություններ ստեղծելու կարողությունը:

Բլից հարցեր՝

-Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Բակում խաղալ՝ հատկապես պահմտոցի: Ճիշտ է, ես «համակարգչային» հակվածություն ունեմ, սակայն երբեք այդ պատճառով չեմ թողել բակի խաղերը:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

-Կյանքը կվայելեի: Հետո կտխրեի ու կորոշեի վերստեղծել տեխնոլոգիաները:


Ռոզա Ղազարյանը

-Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

-Բարեգործություն կանեի, կգնեի համակարգիչներ մանկական կենտրոնների համար: Մնացած գումարով էլ տուրիզմի ուղղությամբ ՏՏ ընկերություն կստեղծեի:

-Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

-Մալդիվյան կղզիներում:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

-Սթիվ Ջոբսի: Իրեն կհարցնեի, թե ինչպես է որոշել տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործել՝ հաշվի առնելով այն, որ ինքս դեռ չգիտեմ, թե ինչու եմ ընտրել ՏՏ-ն:

Ջոբսի հետ մեր տանը կճաշակեինք իմ պատրաստած տապակած կարտոֆիլը: Տան մթնոլորտը մի փոքր ուրիշ է, քան որեւէ ռեստորանինը:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի