12:20 | 25.05.16 | Նորություններ | 5641

«Յուքոմ»-ի եւ Պոլիտեխնիկի համագործակցությունը կխորանա

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանդիպել է համալասարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:

«Հեռահաղորդակցական տեխնոլոիգիական արդի վիճակը եւ զարգացման միտումը Հայաստանում» թեմայով հանդիպման ընթացքում «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է շուկայի թրենդները, խոսել այն մասին, թե ինչ է հարկավոր սպասել ոլորտում մի քանի տարի անց:  

«Ամբողջ աշխարհը 2020թ. իրեն տեսնում է կոնվերգենտ ծառայությունների մեջ: Ցանկացած ընկերություն, որը չի կարողանա առաջարկել ֆիքսված եւ մոբայլ համատեղ ծառայություններ, 3-5 տարի անց ուղղակի չի կարողանա գոյատեւել»,-ասել է Հայկ Եսայանը, որը եւս Պոլիտեխնիկի շրջանավարտ է:

Նրա խոսքով՝ այն ընկերությունները, որոնք առաջիկա տարիներին տրանսֆորմացիայի չեն ենթարկվի, դուրս կմնան թրենդից:

«Յուքոմ»-ի եւ ՀՊՃՀ-ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել համալսարանի լսարաններից մեկը «Յուքոմ»-ի լաբորատորիա անվանակոչելու վերաբերյալ:

Բացի այդ, ՀՊՃՀ-ի 3-րդ, 4-րդ կուրսերի ուսանողներից լավագույնները կսկսեն աշխատել «Յուքոմ»-ում՝ համատեղելով ուսումն ու աշխատանքը: