11:18 | 17.03.16 | Նորություններ | 1898

2015-ին ՏՏ ոլորտում 1200 նոր աշխատատեղ է ստեղծվել

2015թ. ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12 685-ի (10% աճ՝ 2014թ. համեմատ), իսկ ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է շուրջ 15 000-ի:

Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական եվ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցից, որն ամփոփում է 2015 թվականը:

Ընդհանուր առմամբ, անցած տարի ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում տեխնիկական մասնագետների թիվը կազմում է 10 250, որոնց շարքում են ծրագրային ապահովման ճարտարագետները, վերլուծաբանները, ծրագրավորողները, ՏՏ ծրագրերի ղեկավարները եւ այլն:

Ներկայում Հայաստանում գործում է շուրջ 450 ՏՀՏ ընկերություն, որոնք միջինում ապահովում են տարեկան 10% աճ: Այս ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երեւանում (գրեթե 88%-ը):

Անցած տարի հանրապետությունում ոլորտի 70 նոր ընկերություն է հիմնադրվել, որոնցում ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ:

Զեկույցը փաստում է, որ ՏՀՏ ոլորտում տարեկան 1700 բարձր վարձատրվող աշխատատեղ է ստեղծվում տեխնիկական մասնագետների համար: Մյուս կողմից, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:

Ոլորտում աշխատող տեխնիկական մասնագետների 70%-ն աշխատում է ծրագրային ապահովման եւ ծառայությունների ոլորտում, մինչդեռ մնացած տեխնիկական աշխատուժն աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում:

Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետների գերակշիռ մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են (63%): Ծրագրային ապահովման եւ ծառայությունների ոլորտի կին աշխատողների թիվը 2014թ. համեմատ ավելացել է 2%-ով:

Տեղական ընկերություններում կրտսեր տեխնիկական աշխատողի միջին աշխատավարձը տատանվում է $300-400-ի սահմաններում, իսկ ավագ մասնագետների աշխատավարձը հասնում է $3500-ի: Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում տեխնիկական մասնագետի աշխատավարձի չափը կազմում է $400-3500:

2015թ. Տվյալներով՝ Հայաստանի ՏՀՏ ոլորտում աշխատողների 68%-ը մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան ունի: Ուսանողները կազմում են ՏՀՏ աշխատուժի 35%-ը:

Տեղական եւ օտարերկրյա ընկերություններում աշխատում է ամբողջ աշխատուժի համապատասխանաբար 43%-ը եւ 57%-ը (2008թ. այս հարաբերակցությունը եղել է 50/50), ինչը փաստում է, որ տեղական ընկերություններում ներգրավված աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1%-ով:

Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, ապա հարցմանը մասնակցած ՏՏ ընկերությունների ղեկավարների 70%-ի համար խնդիր է բարձր որակավորում ունեցող աշխատուժ ներգրավելու խնդիրը: Հարցվածների 59%-ը որպես հիմնական խոչընդոտ նշել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը, իսկ 44.8%-ի համոզմամբ՝ այս իրավիճակի հիմնական պատճառը ուղեղների արտահոսքն է: 

Հարցված ընկերությունների կողմից ներկայացված պատասխանների համաձայն՝ հարկային եւ մաքսային ընթացակարգերը նույնպես խոչընդոտում են ոլորտում ընկերությունների զարգացմանը (40.8% եւ 42.5% համապատասխանաբար): Ըստ հարցվածների՝ իրենց եկամուտների զգալի մասն ուղղվում է ԱԱՀ-ի եւ շահութահարկի վճարմանը: