11:31 | 07.03.16 | Նորություններ | exclusive 1487
Մարտի 5-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ Հայաստան) կայացել է «Ծրագրավորողների օր» ամենամսյա միջոցառումը:
«Երիտասարդ Ծրագրավորողներ» ՀԿ-ի կողմից իրականացվող միջոցառմանը ներկա է գտնվել ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ:
ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Պողոսյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ միջոցառման ընթացքում իրենց ստարտափների հաջողությունների մասին են պատմել Truthly-ի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանը եւ Cartly-ի հիմնադիր Մոսթաֆա Սաջադին:
Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը ներկայացրել է Google Developer Group Armenia-ն, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է անվտանգության մարտահրավերներին, իսկ ծրագրավորող Ալբերտ Դարբինյանը ՏՏ խորհուրդներ է տվել ներկաներին:
«Երիտասարդ Ծրագրավորողներ» ՀԿ-ի ծրագրավորման բաժնի ղեկավար Սուրեն Էդիլյանը «Մենք ծրագրավորում ենք ապագան» խորագրի ներքո խոսել է ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացման, ճանաչված ընկերությունների նախկին, ներկայիս արտադրանքների եւ ապագա տեսլականների մասին։
ՄԻԿ Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանն էլ իր խոսքում ընդգծել է ՏՏ ոլորտի զարգացման եւ մասնագետների միջեւ փորձի փոխանակման համար նմանատիպ միջոցառումների կարեւորությունը։
«Միջոցառման ավարտին «Երիտասարդ Ծրագրավորողներ» ՀԿ-ն եւ ՄԻԿ Հայաստանը կնքել են փոխըմբռման հուշագիր, որի դրույթների շնորհիվ ՀԿ-ի անդամ հանդիսացող երիտասարդները ՄԻԿ-ի կողմից անցկացվող դասընթացներին մասնակցելիս կստանան 10% զեղչ, իսկ տարբեր համատեղ միջոցառումների շրջանակում սերտ համագործակցության շնորհիվ կնպաստեն ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- եզրափակել է Վարդան Պողոսյանը:
Նարինե Դանեղյան