Հայկական Dictoro սպորտային հարթակը, որտեղ կարելի է կանխատեսել ֆուտբոլի եվրոպական առաջնությունների հանդիպումների հաշիվները, արդեն հասանելի է հայերեն լեզվով:
Այս մասին Itel.am-ին պատմել է հարթակի հիմնադիր Հայկ Արամյանը:
«Մեկ շաբաթ առաջ գործարկեցինք բազմալեզու ինտերֆեյսը: Ավելացվեց հայերենը` հաշվի առնելով այն, որ մեր լսարանի գերակշիռ մասն այս պահին Հայաստանից է: Այժմ հարթակը հասանելի է երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Բազմալեզու ինտերֆեյսի հիմնական նպատակներից է միջազգային շուկա մտնելը: Շուտով կավելացվեն նաեւ ֆրանսերենը, գերմաներենը, պորտուգալերենը, որից հետո կփորձենք աշխատել այդ լեզուները գործածող երկրներում»,- նշել է Հայկ Արամյանը:
Dictoro-ն այս պահին ունի օրական 400 ակտիվ այցելու: Հայկ Արամյանը հետաքրքիր է համարում այն, որ այցելուների մի մասն օգտվում է Dictoro-ից ոչ միայն կանխատեսումներ կատարելու, այլեւ խաղերի հաշիվներին օնլայն հետեւելու համար:
Ինչ վերաբերում է հավելվածին, ապա Dictoro-ի Android տարբերակը ներկայում ունի շուրջ 300 ներբեռնում, ինչը, Հայկ Արամյանի կարծիքով, մեծ թիվ է, հաշվի առնելով այն, որ այցելուների մեծ մասը Հայաստանից է: Շուրջ մեկ ամսից էլ կգործարկվի հարթակի iOS տարբերակը:
Նարինե Դանեղյան