15:27 | 22.10.15 | Նորություններ | 5372

Beeline-ն ընդլայնում է էլեկտրոնային սպասարկման տարբերակները

Beeline-ը հայտարարում է ինտերնետի միջոցով հաճախորդների էլեկտրոնային սպասարկման տարբերակների ընդլայնման մասին:

Beeline բաժանորդներին միաժամանակ հասանելի են դարձել էլեկտրոնային սպասարկման 3 տարբերակ` Facebook-ում անձնական հաղորդագրության, customer_care@beeline.am էլեկտրոնային հասցեի եւ ընկերության կայքում «Օնլայն խորհրդատուի» միջոցով: 

Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջում չաթի օգնությամբ բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային եւ ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը: 

Beeline-ը միաժամանակ առաջարկում է հաճախորդների սպասարկում էլեկտրոնային փոստի միջոցով:

Ծրագրի առաջին փուլում հաճախորդների սպասարկումը Facebook-ում եւ էլեկտրոնային փոստի միջոցով հասանելի է ժ. 09:00-ից մինչեւ 24:00-ն:

Այս պահի դրությամբ չաթի եւ էլեկտրոնային փոստի միջոցով սպասարկման դեպքում մասնագետի բաժանորդին պատասխանելու սպասելաժամանակը չի գերազանցում 28 րոպեն:

Հաճախորդների էլեկտրոնային սպասարկման ծառայությունների թվում է նաեւ http://www.beeline.am պաշտոնական կայքում գործող «Օնլայն խորհրդատու» ծառայությունը: Այս հարթակում նույնպես հաճախորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում: 

«Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այն մասին, որ բաժանորդները սկսում են նախապատվություն տալ էլեկտրոնային սպասարկման տարբերակներին: Երիտասարդ սերնդի համար արդեն հարմարավետ չէ այցելել գրասենյակներ, լքել շփման, աշխատանքի կամ ազատ ժամանակի համար սովորական դարձած իրենց միջավայրը: Սոցիալական ցանցերի թվային աշխարհն ընդլայնվում է, եւ դրան զուգահեռ թվային է դառնում նաեւ մեր ընկերությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մենք առաջինն ենք սկսել տրամադրել հաճախորդների լիարժեք առցանց սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով: Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաեւ վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության եւ հասանելիության մասին»,  ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք ունենք հաճախորդների հետ աշխատելու բավականին մեծ փորձ եւ ես, առավել քան համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող էլեկտորնային սպասարկման եղանակները շատ կարճ ժամանակահատվածում կդառնան պահանջված հատկապես երիտասարդների շրջանում։ Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոփոխվում եւ ես անչափ ուրախ եմ, որ ավանդական սպասարկման եղանակներից բացի մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք նաեւ ժամանակակից լուծումներ։ Հավատացնում եմ, որ մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ ստանա առավել որակյալ, արագ եւ հարմարավետ սպասարկում»,- նշել է Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը:

Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: