12:28 | 25.09.15 | Նորություններ | 1536

Կապանի աշակերտները KoDu միջավայրում խաղերի պատրաստում կսովորեն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Կապանի 10-16 տարեկան դպրոցականների համար նախաձեռնել է «Տեխնոլոգիական դպրոց» ծրագիրը, որի շրջանակում աշակերտների համար կազմակերպվելու են Կոդու միջավայրում խաղերի պատրաստման դասընթացներ:

ՁԻՀ-ում նշել են, որ ծրագրի շրջանակում աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացների ընթացքում աշակերտները կբաժանվեն թիմերի, որոնք համատեղ կաշխատեն նախագծերի վրա:

Դասընթացի ավարտին մասնակցած երեխաները կներկայացնեն իրենց պատրաստած խաղերը:

Խաղերի պատրաստման դասընթացը ներկայացնում է գրաֆիկական տարրերի ուսուցում Microsoft KoDu միջավայրում եւ ներառում է ծրագրավորման հիմնական հասկացությունները:

Դասընթացը ներառում է նաեւ գործնական աշխատանքներ, որոնք կօգնեն ամրապնդելու եւ կիրառելու համապատասխան տեսական գիտելիքներ: Դասընթացներն իրականացվելու են Կապանի Մոբայլ լուծումների լաբորատորիայում (Mlab Kapan):

ՁԻՀ-ը մայիսից դպրոցականների համար նմանատիպ դասընթացներ է իրականացրել Գյումրիում եւ Վանաձորում, որի ընթացքում KoDu միջավայրում խաղերի պատրաստում է սովորել շուրջ 625 աշակերտ: