16:54 | 20.08.15 | Նորություններ | 4375
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, ներառյալ՝ ընկերության արտասահմանյան դուստր ձեռնարկությունների հիմնական ֆինանսական արդյունքները:
ՄՏՍ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է նախատեսված ֆինանսական եւ գործառնական հիմնական ցուցանիշները:
Հաշվետու ժամանակահատվածում, ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 18,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 9,2% աճ), իսկ գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 8,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 4,2 % աճ):
Ներկայացված հաշվետվությամբ արձանագրվում է, որ եկամուտների ընդհանուր միտումը նաեւ սմարթֆոնների տարածման եւ բաժանորդների՝ տվյալների փոխանցման սակագնային պլանների անցման շնորհիվ՝ այդ ծառայություններից օգտվելու շնորհիվ ստացվող եկամուտների աճի արդյունք է:
Եռամսյակային եկամուտների աճը պայմանավորված է սեզոնային գործոններով. առաջինի համեմատ՝ երկրորդ եռամսյակում ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական հասույթի (ARPU) ցուցանիշն աճել է 10,5% (2,836 դրամ՝ 2,565 դրամի համեմատ): Ցուցանիշի եռամսյակային աճը համապատասխանում է սեզոնային կանխատեսելի միտումներին, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակահատվածում ռոումինգ ծառայությունների օգտագործման ծավալների աճով:
Երկրորդ եռամսյակի ընթացքում ծառայությունների վաճառքից մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական թրաֆիկ (MOU) ցուցանիշը, որը կազմել է 536 րոպե, առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 8,7%-ով (առաջին եռամսյակում կազմելով 493 րոպե):
2015թ. հունիսի 30-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 2,1 միլիոնի ցուցանիշը: