16:14 | 28.07.15 | Նորություններ | 4691

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվել Մելիքգյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում մասնակցել են Կակոյանների կիսակառույց տան շինարարությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ Կակոյանների ընտանիքը 1988թ. երկրաշարժից հետո երկու տարի ընտանիքի հոր՝ Ռուբենի 11-հոգանոց հայրական ընտանիքի հետ ապրել են վաչկավրանում, ապա տեղափոխվել Աշտարակ, որտեղ ապրել են վարձով:

«Աղետի գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերության կողմից իրականացված ծրագրի շնորհիվ՝ 2008 եւ 2011 թթ. բնակարանով է ապահովվել  Գյումրիի եւ Վանաձորի` տնակներում բնակվող 40 ընտանիք: Ցավոք, բնակարանային խնդիրը շարունակում է չլուծված մնալ բազմաթիվ ընտանիքների համար: Ուրախ եմ, որ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում եւս մեկ հայ ընտանիք կվայելի բարեկարգ տանը, արժանավայել պայմաններում ապրելու բերկրանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի իրականացման համար 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: