Հուլիսի 17-ին «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը կթողարկի Գյումրի քաղաքի տուրիստական նախագծի` «Քայլարշավ Գյումրիում» մոբայլ հավելվածը:
Հավելվածը ուղեցույց է ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների եւ առհասարակ քաղաքի բոլոր այցելուների համար, որոնք ցանկանում են ոտքով զբոսնել եւ վայելել քաղաքի պատմական կենտրոնը:
Հավելվածը նախատեսված է Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այն առաջարկում է զբոսանքի ուղին, քաղաքի քարտեզները՝ օֆլայն եւ օնլայն ռեժիմներում, հարուստ բազմալեզու բովանդակային մաս` տեքստերի, նկարների եւ աուդիո նյութերի առկայությամբ:
«Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ում տեղեկացրել են, որ հավելվածի թողարկման արարողության շրջանակում Երեւանից կազմակերպվում է գնացքով ճանապարհորդություն դեպի Գյումրի:
Նույն օրը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա «Տուրիզմ եւ Տեխնոլոգիաներ» թեմայով քննարկում:
«Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ում հավելել են, որ Գյումրիի նախագծի հաջողությունից հետո ընկերությունն այդ լուծումն առաջարկելու է միջազգային շուկայում՝ փոքր քաղաքներին, համայնքներին, թանգարաններին, պատկերասրահներին եւ այլ կազմակերպություններին, որոնք ցանկանում են զարգացնել համայնքային տուրիզմը` կիրառելով տեխնոլոգիական նորարարական լուծումներ: