09:50 | 08.06.15 | Նորություններ | 3496

«Բացահայտի´ր Եվրոպան»՝ նոր խաղ Dasaran-ի հարթակում

Հունիսի 5-ին Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում տրվել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Dasaran կրթական ծրագրի համատեղ մշակած «Բացահայտի´ր Եվրոպան» կրթական խաղի մեկնարկը:

«Բացահայտի´ր Եվրոպան» խաղի միջոցով հանրակրթական դպրոցի աշակերտները, ինչպես նաեւ Եվրոպայի, ԵՄ պատմությամբ, եվրոպական մշակույթով հետաքրքրվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, կարող է ծանոթանալ եվրոպական երկրների պատմամշակութային, կրթական, տնտեսական եւ այլ ոլորտներին:

Dasaran-ում նշել են, որ ինչպես նախորդ խաղերի, այնպես էլ այս խաղի պարագայում մեծապես կարեւորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը:

«Ի թիվս Dasaran կրթական ծրագրի մշակած 43 խաղի՝ այս խաղի ստեղծման հիմքում նույնպես այն համոզմունքն է, որ խաղային տարբերակով ուսուցումը կդարձնի կրթական գործընթացն առավել հետաքրքիր եւ հաճելի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանիմաց եւ կիրթ սերունդ ունենալուն»,- ասված է հաղորդագրությունում:

«Բացահայտի´ր Եվրոպան» խաղը հասանելի է Dasaran կրթական ծրագրի կայքի եւ ֆեյսբուքյան էջի օգտատերերին: