14:58 | 01.06.15 | Նորություններ | 4916
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տարիներ շարունակ համագործակցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ՝ վերջինիս հավաքածուն համալրելով բազմաթիվ արժեքավոր նմուշներով:
Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ նախկինում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր եւ որդի Օհաննես եւ Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ:
«Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը:
Այս անգամ եւս Ռալֆ Յիրիկյանի եւ Հրաչ Հանեսյանի ջանքերով ձեռք են բերվել եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել արժեքավոր նմուշներ:
«Ճշմարտությունը միայն իմանալը դեռ քիչ է: Արդարության հասնելու համար անհրաժեշտ է այդ ճշմարտությունը հասցնել հանրությանը, անհերքելի ապացույցներ եւ փաստեր ներկայացնել: Ցանկացած հայ կրում է ցեղասպանության ծանր հետեւանքները, եւ մենք ազգովի պետք է լծվենք դրա ճանաչման եւ հետեւանքների վերացման գործին` ամենքս մեր ուժերի չափով: Անգնահատելի է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը եւ նվիրված աշխատանքը, եւ մենք պատրաստակամ ենք կանգնելու այս կառույցի կողքին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: