14:11 | 21.04.15 | Նորություններ | 4381
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական hամալսարանում` «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակում:
Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության եւ ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով փաստել է, թե որքան կարեւոր է երիտասարդ մասնագետների դերը ցանկացած կազմակերպության զարգացման եւ հաջողելու գործում:
«Մարդիկ ցանկացած կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են: Առանց որակյալ մասնագետների՝ անհնար է բջջային կապի որակյալ ծառայությունների մատուցումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործառնական գործունեության առաջին իսկ օրվանից աշխատանքի է հրավիրել նորավարտ ուսանողների` նրանց հնարավորություն տալով սկսել կարիերան եւ ձեռք բերել անհրաժեշտ փորձը զրոյից` սկսելով աշխատանքը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկի` հեռահաղորդակցության ոլորտում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: