09:09 | 19.04.15 | Հոդվածներ | exclusive 2631

Demo Day-ին ընդառաջ. dHunt` արագ առաքման համակարգ

Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:

2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար ներկայացնում են 7 ստարտափների զարգացման պատմությունը:

dHunt. Մոբայլ հավելված է, որն օգնում է առանց ժամանակ կորցնելու գնումներ կատարել մոտակա խանութից:

Հավելվածը ստեղծել են Հայկ Ադամյանը, Մարտին Հովհաննիսյանը եւ Անահիտ Թալասյանը:

«dHunt-ը արագ առաքման համակարգ է: Երբ մարդ չի ցանկանում դուրս գալ տանից, սակայն մթերքի արագ առաքման կարիք ունի, այս ծրագրի միջոցով կարող է հրապարակել իրեն անհրաժեշտ մթերքի լուսանկարը կամ անվանումը, եւ կարճ ժամանակահատվածում այն կառաքվի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. առցանց կատարվել է $6 մլրդ գնում, որը 2013թ. հասել է $6.5 մլրդ-ի։ Թիվը գնալով աճում է, քանի որ մարդիկ շատ զբաղված են եւ չեն ցանկանում ժամանակը ծախսել խանութներ այցելելու վրա»,- Itel.am-ին պատմում է 15-ամյա Հայկ Ադամյանը:

Մարտին Հովհաննիսյանը եւ Հայկ Ադամյանը միասին մասնակցել են Հեքըթոն 2014-ին եւ արժանացել մրցանակի։ Այնուհետ թիմին է միացել նաեւ հավելվածի դիզայնով զբաղվող Անահիտ Թալասյանը:

««ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի շնորհիվ զարգացրեցինք ծրագրավորման հմտությունները, ծանոթացանք Չիլիի, Նեպալի, Սան Ֆրանցիսկոյի մի շարք ստարտափների հետ։ Բազմաթիվ միջոցառումների եւ կոնֆերանսների ընթացքում ներկայացրինք մեր հավելվածը եւ ստացանք արժեքավոր խորհուրդներ»,- նշում է Մարտին Հովհաննիսյանը:   

Թիմը ներկայում իրականացնում է հավելվածի թեստավորում: Դրա արդյունքների հիման վրա կկատարվեն համապատասխան փոփոխություններ։

«Ժամանակի ընթացքում ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչ են նախընտրում օգտատերերը եւ ըստ այդմ համապատասխան փոփոխություններ ենք անում: Արդեն իսկ հասկացել ենք, որ նրանք գերադասում են պատվերներ կատարելիս տեքստ տպելու փոխարեն ձայնային հաղորդագրություններ թողնել»,- նշում է Անահիտ Թալասյանը։  

Հավելվածի Android  տարբերակը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում: