Haystack.im-ը լուսանկարների որոնման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հատուկ ալգորիթմի օգնությամբ գտնել միայն արտոնագրված եւ բարձրորակ լուսանկարներ:
2013թ. Նյու Յորքում ստեղծված Haystack ստարտափի համահիմնադիրներն են Վաչե Ասատրյանը եւ ամերիկացի Անդրյու Ռովատը: Այսօր թիմում աշխատում է նաեւ Լիհ Մըքքլոսքին:
Itel.am-ի հետ զրույցում Վաչե Ասատրյանը Haystack-ը նկարագրում է որպես միջնորդ եւ հաղորդակցման հարթակ՝ լուսանկար վաճառողի եւ գնողի միջեւ:
Որոնման համակարգը զտում է լուսանկարների արդյունքները եւ տրամադրում գործիքներ, որպեսզի օգտատերերը տեսակավորեն, նշումներ անեն, գնեն եւ տարածեն իրենց անհրաժեշտ լուսանկարները:
«Haystack-ը ստեղծվել է այն մարդկանց եւ ընկերությունների համար, որոնք լուսանկարներ գնելու խնդրի առջեւ են կանգնած: Հարթակի միջոցով նրանք կկարողանան մեկ ամբողջական որոնման համակարգի օգնությամբ գտնել բարձրորակ լուսանկարներ: Սա բաց եւ թափանցիկ ֆոտո շտեմարան է, որտեղ ներքին վարկանշավորման հիման վրա առավել որակյալ լուսանկարները հայտնվում են որոնման թոփ արդյունքներում»,- պատմում է Վաչե Ասատրյանը:
«Այս ոլորտում մի շարք թոփ ընկերություններ կան, որոնք չեն ցանկանում հավաքվել մեկ տանիքի ներքո: Մենք փորձում ենք լրացնել այդ բացը եւ հարաբերություններ զարգացնել լուսանկարներ մատակարարող թոփ ընկերությունների հետ»,- նշում է նա:
Համակարգում առկա լուսանկարները պատկանում են Haystack-ի գործընկերներին: Կան նաեւ լուսանկարներ Flickr-ից, ինչպես նաեւ հանրային (public) լուսանկարներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով: Ինչ վերաբերում է Facebook-ում կամ Instagram-ում տեղադրված լուսանկարներին, ապա դրանք Haystack որոնման համակարգում չեն հայտնվում:
Որոնման համակարգը անհատական է յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ կախված որոնման նախասիրություններից եւ հետաքրքրություններից:
Համակարգը չունի աշխարհագրական սահմանափակումներ, այնուամենայնիվ, հնարավոր է՝ գործեն տեղական սահմանափակող օրենքներ: Այնպես որ Հայաստանում եւս կարելի է օգտվել համակարգից:
Լուսանկարների վաճառքի ընթացքում Haystack-ը ստանում է որոշակի միջնորդավճար, որը տարբեր է՝ կախված գործընկերոջից եւ լուսանկարի արժեքից:
Ներկայում Haystack-ը բանակցում է լուսանկարներ արտադրող 6 ընկերության հետ՝ հետագա համագործակցության նպատակով:
Վաչե Ասատրյանն ընդգծում է, որ հիմնականում փնտրում են այնպիսի ներդրողներ, որոնք ապագայում կարող են դառնալ իրենց ռազմավարական գործընկերներն ու խորհրդատուները, քանի որ, նրա խոսքով, «այսօր խնդիրը ոչ այնքան գումարն է, որքան ռազմավարական խորհուրդները»:
Նարինե Դանեղյան