16:55 | 17.02.15 | Նորություններ | 3776

«Յուքոմը» կվերազինվի «Կալիքսի» օգնությամբ

Հայկական «Յուքոմ» եւ ամերիկյան «Կալիքս» ընկերություններն այսօր ներկայացրել են ՏՏ բնագավառում իրենց համագործակցության արդյունքները, ինչպես նաեւ նոր նախաձեռնություններն ու գաղափարները:

«Կալիքսը» նորարարության ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որի միջոցով ընկերությունները հնարավորություն են ստանում փոխակերպել ցանցերը եւ իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակարարներ:

«Յուքոմը» «Կալիքսի» հետ համատեղ այս տարի իրականացնելու է վերազինման աշխատանքներ: Բաժանորդների հետ կապն ամրապնդելու նպատակով կրկնակի կմեծացվի տեխնիկական աջակցության բաժնի անձնակազմը, որպեսզի բաժանորդին հուզող յուրաքանչյուր հարց լուծում ստանա նվազագույն ժամանակում (18 ժամվա ընթացքում):

«Անցած տարի մենք կարողացանք մի շարք կարեւոր ծրագրեր իրականացնել, որոնք արդեն գործում են կամ կգործեն առաջիկա օրերի կամ ամիսների ընթացքում: Այս առումով կարեւորագույնը տեխնիկական վերազինումն էր, որով մենք անցում ենք կատարում դեպի Ամերիկյան Calix E7 սերիայի առավել հուսալի եւ նոր սերնդի սարքավորումների: Նախորդ տարում մեր ցանցին միացած նոր տարածքները եւ այս տարի ծրագրվող միացումներն ամբողջովին հիմնված են նոր սերնդի այս սարքավորումների վրա:

«Կալիքս»-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ անել այնպես, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ իր վրա զգա նորարարական տեխնոլոգիաների դրական դերը»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Յուքոմը» 2014թ. Լաս Վեգասում ստացել է «Կալիքսի» Innovations Award մրցանակը:

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք «Յուքոմի», ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների ցանցերը, եւ գտել ենք, որ 2014թ. որպես նորարարության բնագավառի առաջատար մրցանակի է արժանի հայկական «Յուքոմ» ընկերությունը»,- ասել է «Կալիքսի» գլխավոր փոխնախագահ Էնդի Լոքարտը: