11:43 | 10.12.14 | Նորություններ | 1217

My Sales՝ հագուստի խանութների զեղչերը մեկ հավելվածում

My Sales հավելվածի շնորհիվ գնումների սիրահարները կարող են տեղեկանալ հագուստի սիրելի խանութներում առկա ընթացիկ զեղչերի մասին:

Հավելվածը կարելի է Apple Store-ում, որտեղ այն ներբեռնվել է շուրջ 5000 անգամ եւ Google Play-ում, որտեղ վերջերս է տեղադրվել:

My Sales-ը տրամադրում է որոշակի թվով խանութներում ընթացիկ զեղչերի մասին անընդհատ թարմացվող տեղեկատվություն, ինչպես նաեւ խանութների հասցեներն ու կոնտակտային տվյալները: Կարող եք կազմել սիրելի խանութների ցանկ եւ զեղչերի դեպքում անմիջապես տեղեկանալ դրանց մասին:

«Սկզբում կար միայն web-տարբերակը, եւ զեղչերի մասին ծանուցումները տեղադրվում էին կայքում: Ապա բացվեց ֆեյսբուքյան էջը, որին հաջորդեց մոբայլ հավելվածի ստեղծումը:  Հավելվածն անընդհատ զարգանալու է: Ներկայումս կենտրոնացած ենք Հայաստանի շուկայի վրա, բայց հետագայում հնարավոր է լայնացնենք աշխարհագրությունը»,-Itel.am-ի հետ զրույցում պատմել է հավելվածի Android տարբերակի ծրագրավորող Անդրանիկ Եղոյանը:

Նրա խոսքով, նպատակ ունեն ստեղծել թիմ, որն անընդհատ կզբաղվի հավելվածի զարգացմամբ, եւ մշտական կապ կպաշտպանի խանութների հետ: Նա նշել է, որ հավելվածն իրենց ուժերով են պատրաստել եւ ֆինանսավորում դեռեւս չեն ստանում:

«Հաճախ հաղորդագրություններ եմ ստանում այնպիսի խանութներից, որոնք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Հավելվածի միջոցով հնարավոր կլինի ընտրել եւ հաղորդագրություններ ստանալ միայն հետաքրքրող խանութներից՝ push notification-ների միջոցով: My Sales-ի յուրահատկություններից է լինելու նաեւ այն, որ տրամադրվելու են հավելյալ զեղչեր: Բացի դա, հավելվածում ներկայացված լինելու պարագայում խանութներն արդեն կարող են չմտածել առանձին կայք կամ մոբայլ հավելված պատրաստելու մասին»,- նշել է հավելվածի դիզայներ Ժենյա Կարապետյանը: