16:16 | 23.09.14 | Նորություններ | 3674

Աճուրդից ստացված 27 մլն-ը Orange-ը նվիրաբերել է «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրին

Այսօր Orange-ը հայտարարեց «Մեկ հեռախոսահամար՝ մեկ ճակատագիր» բարեգործական աճուրդի արդյունքները:

Աճուրդում վաճառքի էին հանվել նոր 041 համարային շարքի 11 լավագույն համարները: Աճուրդի ընթացքում մասնակիցները ներկայացրել էին 181 հայտ: Ներկայացված համարների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 26 956 717 դրամ:

Իր խոստումի համաձայն՝ Orange-ն ամբողջ գումարը նվիրաբերել է «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրին: Բացի այդ, Orange-ը կրկնապատկել է ամենաբարձր հայտագինը, որը կազմել է  5 200 000 դրամ՝ այն նույնպես ուղղելով նշված ծրագրին:

«Տպավորված ենք մեր բարեգործական աճուրդի արդյունքներով: «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագիրն իրականացնում ենք Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ եւ այն Orange Հիմնադրամի ամենակարեւոր  ծրագրերից մեկն է: Այս 32 մլն դրամը հնարավորություն կտա օգնել շուրջ 30 երեխայի վերադառնալ տուն: Orange Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում աճուրդի բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության եւ առատաձեռնության համար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն, Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրն իրականացվում է 2012 թվականից:

Այն Orange բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 100 կամ 500 դրամ: Ամսվա վերջում Orange Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը եւ ուղղում ծրագրի իրականացմանը: