17:34 | 27.02.14 | Նորություններ | 3618
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ Բրիտանական խորհուրդը պարգեւատրեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում Թումո կենտրոնի սաների համար։
Նախքան մրցույթի մեկնարկը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր եւ «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ը դասընթացներ է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։ Երեք օրվա ընթացքում բրիտանացի կինոռեժիսորը սովորեցրել է պատանիներին ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբությունները, ինչպես նաեւ ներկայացրել ֆիլմի գաղափարն ընդամենը 60 վայրկանի ընթացքում ներկայացնելու հմտությունը:
Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք ներկայացվել են «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթին։ Մարիամ Բորեցյանը, Մարիա Սարգսյանը, Մարինե Գազազյանը եւ Տիգրան Ղալեչյանը ճանաչվեցին լավագույն աշխատանքի հեղինակներ եւ պարգեւատրվեցին Sony Xperia E C1505 սմարթֆոներով:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր իրենց ստեղծարար մտածելակերպով եւ հետաքրքիր լուծումներով հիացրեցին հանձնաժողովի անդամներին։ Համոզված եմ , որ այս տաղանդաշատ երիտասադրներից շատերը իրենց դերը կխաղան հայկական կինոարվեստի զարգացման գործում, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կդարձնեն կյանքն ավելի լավ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Դասընթացի մասնակիցներին փորձել եմ սովորեցնել, որ պատմության վիզուալ ներկայացումը շատ կարեւոր գործոն է: Ոչ բոլոր ֆիլմերը պետք է ծանրաբեռնված լինեն երկխոսություններով, կինոն նաեւ պատմությունների վիզուալ ներկայացումն է` հնչունային բաղադրիչի ստեղծագործ օգտագործմամբ: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա փորձել ենք կենտրոնանալ դասընթացների ընթացքում»,- նշում է Մեթ Հալսը:
Նշենք, որ Մեթ Հալսի «Պարզամիտ Ջիմը» ֆիլմը ներկայացվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնին։ Ֆիլմը պատմում է խուլ հեծանվորդ Ջեյմս Դյութիի կատարած արկածախնդիր ուղեւորության մասին: Ռեժիսորը պատմում է, որ մինչ ֆիլմի նկարահանումներին ձեռնամուխ լինելը սովորել է ժեստերի լեզուն, շփվել թույլ լսողություն ունեցող մարդկանց հետ:
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։