14:45 | 06.09.13 | Նորություններ | 2925

ԱրմենՏել-ը պարզաբանել է Beeline սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպը

ԱրմենՏել ընկերությունն այսօր պարզաբանել է մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«Ս.թ. սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Այդ առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված տեղեկատվությունը թերի է եւ պարունակում է անճշտություններ:

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Երեւանի Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների եւ  հաճախորդների հանդեպ:

Իրավիճակը մեղմելու եւ հետագա անախորժություններից խուսափելու նպատակով, գրասենյակի անվտանգության պատասխանատուն կարգազանցներին դուրս է հրավիրել գրասենյակի տարածքից:

Վերը նշված օրինախախտ քաղաքացիները կրկին փորձ են կատարել ներխուժել մեր ընկերության գրասենյակ եւ չկարողանալով անել դա` դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ` ընդհուպ մինչեւ ձեռքի կոտրվածք, որից հետո նաեւ տեղի է ունեցել երկկողմանի քաշքշուկ, ինչի արդյունքում տուժել են նաեւ կարգազանցները:

Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին իրենց հասցված վնասվածքների դատա-բժշկական փորձաքննություն կատարելու խնդրանքով եւ ակնկալում են, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, իսկ իրավախախտ անձինք կենթարկվեն պատասխանատվության»: