ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաց դռների օր է անցկացրել ուսանողների համար
11:07 | 08.08.13 | Նորություններ | 3224
Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար նախօրեին ՎիվաՍել-ՄՏՍ-ում բաց դռների օր է կազմակերպվել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ստացել ծանոթանալու ընկերության կառավարման եւ նորարարությունների խթանման մշակույթին, ինչպես նաեւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին, հայտնել են ընկերությունում:
Ըստ Ռալֆ Յիրիկյանի՝ ընկերության հաջողությունները պայմանավորված են աշխատակիցների միջեւ ձեւավորված հարգալից հարաբերություններով, նորարարությունների խթանմանն ուղղված համակարգային մոտեցումներով եւ, ինչն առավել կարեւոր է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որդեգրած կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներով:
«Ընկերության ամենամեծ արժեքն աշխատակիցներն են: Այստեղ գործում է փոխհարաբերությունների քաղաքակիրթ մոդել: Աշխատանքային հարաբերությունների հիմքում կարեւոր տեղ են զբաղեցնում մարդու հիմնարար իրավունքներն ու բարոյականության սկզբունքները, որոնցով եւ պայմանավորված է մեր աշխատաոճը: Մարդիկ հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից: Տարբերությունը ստանձնած պատասխանատվության չափաբաժինն է», - նշել էՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաեւ աշխատավայրում խրախուսման առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը նորարարության համար կարեւոր նախապայման է, ինչպես նաեւ երկրի հեղինակությունը եւ ազգային ինքնագնահատականը բարձր պահելու հարցում բիզնեսի ունեցած կարեւոր դերի մասին:
Դասախոսությանը հաջորդած շրջայցն ընկերության առանցքային վարչություններով ուսանողներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու գործընթացների թափանցիկ կառավարման համակարգի առավելություններին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի խոշորագույն գործատուներից է: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1400 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ եւ փոխհատուցման համակարգ, առողջության ապահովագրություն եւ ուսման վարձի վճարում, նշել են ընկերությունում: