Telcell վճարային համակարգը հայտնել է Երեւանի ավտոկայանատեղերի վճարումների հավաքագրման մեկնարկի մասին:
Վճարում կատարելու համար անհրաժեշտ է տերմինալի էկրանին ընտրել «Ավտոկայանատեղի վճարում» կոճակը, այնուհետեւ մուտքագրել բջջային հեռախոսահամարը եւ ավտոմեքենայի պետհամարանիշը: Անհրաժեշտ է նշել, թե ինչ ժամանակահատվածի համար է կատարվում վճարումը եւ մուտքագրել գումարը:
Գործարքի ավարտին տերմինալը տրամադրում է վճարման փաստը հավաստող անդորրագիր, իսկ վճարողը նշված բջջային հեռախոսահամարին ստանում է վճարումը հաստատող կարճ հաղորդագրություն:
Երեւանի քաղաքապետարանի որոշման համաձայն, վճարովի ավտոկայանատեղի համար գործում են հետեւյալ սակագները. 1 ժամը` 100 դրամ, 1 օրը` 500 դրամ, 1 շաբաթը`1000 դրամ, 1 ամիսը` 2000 դրամ, ընթացիկ տարվա համար` 12000 դրամ:
Telcell տերմինալների միջոցով վճարում կատարելու դեպքում գործում են հետեւյալ սակագները. 1 ժամով եւ 1 օրով կայանելու վճարման դիմաց միջնորդավճար չի գանձվում, 1000 դրամ եւ ավելի վճարում կատարելու դեպքում գանձվում է միանվագ միջնորդավճար` 200 ՀՀ դրամ: