13:35 | 27.06.13 | Նորություններ | 4179
«Արս Լունգա» դուետի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում թողարկվել է սկավառակների նոր հավաքածու:
Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը:
«Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, դրանք կատարվել եւ ձայնագրվել են` ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան:
Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:
«Հոգեւոր ժառանգությունը բաց մատյան չէ եւ հնարավոր չէ այն մեկ ակնթարթում ներկայացնել աշխարհին: Խելացի է այն ազգը, որին հաջողվում է դա անել իմաստուն ձեւով եւ չփոշիացնել դարերի ձեռքբերումը: Այդ առումով չափազանց կարեւոր են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք մեկնաբանում են մեր անցյալը եւ ստեղծում են ապագան»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին եւ ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: