11:19 | 17.06.13 | Նորություններ | 959

Google-ը փորձարկում է ինտերնետի մատակարարում օդապարիկներից

Google-ը փորձարկել է մերձտիեզերական օդապարիկներ՝ երկրի վրա ինտերնետ-կապ մատակարարելու համար:

Ընկերության 30 գերճնշումային օդապարիկներ օդ են բարձրացել Նոր Զելանդիայից, որպեսզի այնուհետեւ շարժվեն մոլորակի շուրջ՝ նախանշված երթուղիով: Օդապարիկներին ամրացված սարքավորումները մատակարարում են արագությամբ 3G-ին մոտ ինտերնետ՝ փորձարկմանը մասնակցող նորզելանդացի 50 բնակիչներին:

Ըստ Google-ի, օդապարիկներով ինտերնետի մատակարարումը կկապի աշխարհի հետ հեռավոր բնակավայրերը, ինչպես նաեւ մեծ դեր կխաղա բնական աղետներից տուժած վայրերում, որտեղ վնասվել են վերգետնյա կապուղիները:

Google-ն անվանել է նախագիծը Project Loon: Օդապարիկներն ունեն 15մ տրամագիծ, էլեկտրոնային սարքավորումները կախված են լինելու ներքեւից՝ ներառյալ ռադիո ալեհավաքները, թռիչքային համակարգիչը, բարձրության վերահսկման համակարգը եւ արեւային պանել՝ սարքի սնուցման համար:

Օդապարիկները «ճանապարհորդելու են» ստրատոսֆերայում՝ ծովի մակերեւույթից 20 հազ. մ բարձրության վրա, ինչը կրկնակի բարձր է կոմերցիոն ավիացիայի կողմից օգտագործվող բարձրությունից:



Ամեն օդապարիկ կանցկացնի երկնքում մոտ 100 օր՝ ինտերնետ մատակարարելով 40 կմ տրամագծով տարածքի: Ըստ Google-ի, այս կոնցեպտը կօգնի ինտերնետ մատակարարել աշխարհի բնակչության 2/3-ին, որոնք ներկայումս չունեն հասանելիություն: