13:35 | 12.03.13 | Նորություններ | 3549

Մեկնարկում է ՀԱՆ եւ Orange Հիմնադրամի 2013 թ. ծրագիրը

Կոտայքի մարզում մեկնարկում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի 2013 թ. ծրագիրը:

Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ով ակնոցի կարիք կունենան, կստանան նաեւ հատուկ իրենց համար պատրաստված ակնոց:

Կոտայքի մարզում ակնային զննումները կիրականացվեն Նաիրիի շրջանում մինչեւ մարտի 19-ը, մարտի 20-ից ապրիլի 2-ը՝ Կոտայքի շրջանում, եւ ապրիլի 3-ից 16-ը՝ Հրազդանի շրջանում:  Ավելի ուշ աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Եղվարդում, Աբովյանում, Չարենցավանում եւ Հրազդանում:

Մանրամասների համար մարզի բնակիչներին անհրաժեշտ է դիմել իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւել այնտեղ փակցված հայտարարություններին կամ զանգահարել 010 55 90 68:

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին անցյալ երկու տարիներին իրականացրած մեր աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ենք օգնել: Մեծ ուրախությամբ ենք մեկնարկում 2013թ. ծրագիրը, որը թույլ է տալու նաեւ նոր մարզեր այցելել եւ իրական փոփոխություն բերել շատ մարդկանց ու ընտանիքների կյանքում»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

2013 թվականի ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրում է 26 500 000 դրամ:

ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի 2011-2012 թթ. համատեղ ծրագրերի արդյունքում  Հայաստանի 6 մարզերում` Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում եւ Արմավիրում անվճար բժշկական ծառայություններից արդեն օգտվել են 23 364  մեծահասակներ եւ 5 783 երեխաներ: