12:19 | 30.04.12 | Նորություններ | 3467
Orange-ի աջակցությամբ ինտերնետով զինված համակարգչային սրահներ են բացվել Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում եւ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:
«Այս երեխաներն այսուհետ կունենան մոտավորապես նույնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունեն իրենց մյուս հասակակիցները, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել եւս կարեւոր է փոքր տարիքից ծանոթանալ համակարգչին, քանի որ դա ավելի մեծ հնարավորություններ կտա նրանց հետագայում անկախ եւ ինքնուրույն լինել», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Տեսողության խնդիրներ ունեցողների համակարգչային կարիքները տարբերվում են սովորական կարիքներից, եւ այդ իսկ պատճառով արդեն տարիներ առաջ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ազգային ինստիտուտը մշակել էր ԱՐԵՎ հատուկ ծրագիրը, որի նորացված տարբերակները դպրոցում առկա հին համակարգիչներով վերջին տարիներին անհնար էր օգտագործել: Նոր համակարգիչներով դպրոցականները կկարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիաների տրամադրած հնարավորություններից` օգտվել ինտերնետից, տեքստ սկանավորել եւ համակարգչով լսել այն, ձեռք բերել համակարգչային այլ հմտություններ եւ այլն: Համակարգչային սրահը համալրված է 7 համակարգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով եւ Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով:
Երկու հատուկ դպրոցներում համակարգչային սրահների հիմնման համար Orange-ը տրամադրել է 5 204 600 դրամ: