14:04 | 10.02.12 | Նորություններ | 3307

«Ադրենալին» ասոցիացիան եւ ԱրմենՏել-ը կազմակերպում են արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին

Երեւան: Մեդիամաքս: Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են էքստրեմալ մարզաձեւերի մրցումների ձմեռային փուլի մեկնարկի մասին:

Առաջին մրցումն` արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին, կանցկացվի փետրվարի 12-ին Լոռու մարզի Գուգարք համայնքի «Կապույտներ» հանգստի գոտու տարածքում:

Jeep-Trial դասի մրցումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ արտաճանապարհային մեքենաների էքստրեմալ վարման սիրահարներ:

«Անցկացնելով մրցույթը Լոռու մարզում, մենք ակնկալում ենք վարորդների ակտիվ մասնակցություն` մայրաքաղաքից եւ մարզերից: Էքստրեմալ վարման պրոֆեսիոնալները կմասնակցեն մրցույթից դուրս: Սկսնակ վարորդները կկարողանան ոչ միայն փորձել իրենց ուժերն, այլեւ հաղթել Jeep-Trial դասի մրցումներում», - նշել է Հայաստանի Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«Էքստրեմալ սպորտը մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում եւ դրա սիրահարների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Հուսով եմ, որ սկսնակները կհամալրեն մարզիկների համերաշխ ընտանիքը, քանի որ մեկ անգամ փորձելով քո ուժերը պայքարում, դու մնում ես հավատարիմ էքստրեմալ սպորտին: Բոլոր մասնակիցներին` եւ երիտասարդ, եւ փորձառու վարորդներին մաղթում եմ խոչընդոտները հաղթահարելու վառ տպավորություններ, վարպետության եւ արագության նոր ռեկորդներ», - նշել է«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ռալլիին կմասնակցեն Երեւանի եւ Հայաստանի մարզերի շուրջ 35 վարորդ, ինչպես նաեւ Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoxtreme ֆեդերացիայի ներկայացուցիչներ: